Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում հետաքննություն անող Վրաստանի ՊՆ պատվիրակությունը վերադարձել է Վրաստան: Նրանց խնդիրն էր պարզել, թե արդյոք 2014 թվականին աֆրիկյան այդ հանրապետության անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու հարցում վրաստանցի զինծառայողները ներգրավված են, թե չէ: Այս մասին հունիսի 20-ին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Խնդիրն այն էր, որ դեռևս 2016թ. հունվարի 29-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի գլխավոր հանձնակատար Զեյդ Ռաադալ-Հուսեյինը հայտարարել էր, որ անհանգստացած է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում օտարերկրացի զինվորականների կողմից անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին հայտարարություններով: Հանձնակատարի նամակում նշվում էր, որ տեղացի աղջիկների հետ անցկացրած հարցումներում նրանք նշել են, որ իրենց հետ սեռական կապ են ունեցել նաև վրաստանցի զինծառայողները: Նշենք, որ 2014թ. հուլիսից մինչև 2015թվական այդ երկրում վրաստանցի զինծառայողները վաշտի մակարդակով են ծառայություն իրականացրել:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հունիսի 6-ից վրաստանյան հետաքննող խումբը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում տեղի քննիչների ներկայությամբ հարցաքննել է հնարավոր տուժածներին, ինչպես նաև փաստաբաններին, հասարակական թևի ներկայացուցիչներին:
Հարցաքննությունն անցկացվել է 3 օր, որից հետո լուսանկարներով ճանաչման փուլ է եղել և վկայությունների վերստուգում:
Վրաստան վերադառնալուց հետո էլ հետաքննող խումբը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետության գլխավոր դատախազ Գրիսլեն Գեզենգի թույլտվությամբ, շարունակելու է հետաքննությունը:
Խմբի կազմում են ռազմական ոստիկաններ, գլխավոր տեսուչներ, դատախազ և անկախ փորձագետ: Վրաստանի պաշտպանության նախարարի խնդրանքով հետաքննող խմբին աֆրիկյան այդ երկրում օգնել են ԿԱՀ-ի արդարադատության նախարարության աշխատակիցները:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին տեսակապի միջոցով ծանոթացել էր Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում անցկացվող հետաքննության ընթացքին:
Հավելենք նաև, որ այժմ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ԵՄ-ի հովանու ներքո իրականացվող առաքելությանը մասնակցում է վրաստանյան 5 հոգանոց խորհրդատու խումբ: Վրաստանը նախատեսում է այնտեղ ուղարկել մեկ դասակ:
Pingback: Ըստ Խիդաշելիի՝ իրենց զինծառայողները կապ չունեն ԿԱՀ-ում երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության հետ | Ռազմ.info