Թուրքիայում մեկնարկել է միջազգային որոնողափրկարարական զորավարժություն

Թուրքիայում մարտի 30-ին մեկնարկել է Işık-2015/1 (Ըշըք-2015, թրք.՝ լույս) միջազգային որոնողափրկարարական զորավարժությունը, որին մասնակցում են Թուրքիայի, ԱՄՆ, Ադրբեջանի, Իսպանիայի, Հունգարիայի, Ռումինիայի, ինչպես նաև չճանաչված Հյուսիսային Կիպրոսի ԶՈւ ստորաբաժանումներ։ Այս մասին ապրիլի 1-ին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվակայքը։

Թուրքիայի ԶՈւ որոնողափրկարարական ստորաբաժանում

Թուրքիայի ԶՈւ որոնողափրկարարական ստորաբաժանում

Նշվում է, որ Թուրքիայի կենտրոնական Քոնիա քաղաքի մոտ տեղակայված 3-րդ ավիաբազայում ընթացող զորավարժությունը համակարգում է Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Մինչև ապրիլի 10-ն անցկացվելիք զորավարժության նպատակները ռազմական գործողությունների ժամանակ անհրաժեշտ որոնողափրկարարական աշխատանքների, զորավարժությանը մասնակցող երկրների համապատասխան ստորաբաժանումների համատեղ գործողությունների ծրագրի մշակումը և փորձի փոխանակումն են։

Զորավարժությանը մասնակցում են Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերի հրամանատարությանը ենթակա 2 միավոր AH-1P/W հարվածային ուղղաթիռ, 1 միավոր S-70 բազմանպատակային ուղղաթիռ, 1 որոնողափրկարարական խումբ, ռազմաօդային ուժերի ենթակայության 6 միավոր F-16C/D կործանիչ, 1 միավոր CN-235 բեռնատար ինքնաթիռ, մեկ ՌԷՊ ինքնաթիռ, 3 միավոր ֆրանսիական AS-532 բազմանպատակային և 2 միավոր ամերիկյան UH-1H հարվածային ուղղաթիռներ, 2 որոնողափրկարարական խումբ։

Մասնակցում են նաև՝ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հատուկ նշանակության ուժերի 1 միավոր S-70 ուղղաթիռ, 1 որոնողափրկարարական խումբ, 1 կրակային օժանդակության խումբ։

ԱՄՆ զինված ուժերի զորախումբի կազմում զորավարժությանը մասնակցում է MC-130 բեռնատար ինքնաթիռ, 2 միավոր CV-22 կոնվերտոպլան և մեկ հատուկ նշանակության ստորաբաժանում։

Ադրբեջանի ստորաբաժանումը ներկայացված է 4 միավոր Մի-17 բեռնատար ուղղաթիռներով և 1 հատուկ նշանակության խմբով։ Իսպանիայի, չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Հանրապետության, Ռումինիայի և Հունգարիայի զինված ուժերի համապատասխան որոնողափրկարական ստորաբաժանումներ։

Բացի այդ՝ դիտորդի կարգավիճակով զորավարժությանը մասնակցելու են նաև Վրաստանը և Օմանը։

Նշենք, որ «Ըշըք» (լույս) զորավարժությունը նախորդ անգամ անցկացվել է 2014-ի հունիսին։ Թուրքիան զորավարժությանը ներկայացել է ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, ժանդարմերիայի և հատուկ նշանակության զորքերի 120 զինծառայողով։ Բացի այդ վարժանքներին մասնակցել են նաև թուրքական զինուժի 13 ուղղաթիռ և 7 ինքնաթիռ, ԱՄՆ, Իսպանիայի և Հունգարիայի ստորաբաժանումներ։

2 responses to “Թուրքիայում մեկնարկել է միջազգային որոնողափրկարարական զորավարժություն

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 29 մարտի – 4 ապրիլի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայում որոնողափրկարարական զորավարժությանը մասնակցում է նաև Ադրբեջանի զինուժը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *