Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում հունիսի 18-ին ահաբեկչության կանխման և թաքնված զինյալներին հայտնաբերելու համար հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան « Կովկասյան հանգույց » լրատվական կայքը:
Նշվում է, որ հատուկ գործողության արդյունքում մեկ հոգի սպանվել է, մյուսը՝ ձերբակալվել: Երկուսն էլ կասկածվում են զինված խմբավորման անդամ լինելու համար:
Սպանվածի տանն ուժայինները հայտնաբերել են փոքրիկ լաբորատորիա, որտեղ պատրաստվել են պայթուցիկ նյութեր: Սպանվածը կիրառման համար պատրաստ հզոր ինքնաշեն պայթուցիկ է պահել այնտեղ, որն ուժայինները տեղում հասցրել են ոչնչացնել:
Կատարված գործողությունների ընթացքում ուժայինների և քաղաքացիականների թվում տուժածներ չեն եղել:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության ուժային բոլոր կառույցների համար մեկնարկել էր հատուկ հակաահաբեկչական վարժանք: Ըստ սցենարի՝ ռուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության Կաբարդինո-Բալկարիայի մասնաճյուղը Նալչիկում շրջափակել էր զինյալների խումբը: Ուժայինների խնդիրն էր ազատել հեռուստառադիոընկերության աշխատակիցներին և ոչնչացնել ահաբեկիչներին: