Հունիսի 15-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուին: Դաշինքի շտաբ-բնակարանում կողմերը քննարկել են Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, Վարշավայում կայանալիք գագաթաժողովից Վրաստանի սպասելիքները, ինչպես նաև հետագա համագործակցության հարցեր: Այս մասին հունիսի 16-ին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպման գլխավոր թեման Վարշավայի գագաթաժողովն էր: Քննարկել ենք այն հարցերը, որոնցից զարգացում ենք սպասում, այն նախագծերը, որոնց իրականացումը Վրաստանը սկսելու է անմիջապես գագաթաժողովից հետո: Մի շարք նոր թեմաներ են լինելու: Միակ բանը, որ կարող ենք անկասկած ասել այն է, որ այդ գագաթաժողովից մեր երկիրը դուրս կգա շատ հնարավորություններով, համատեղ նախագծերով», — վստահեցրել է Խիդաշելին:
Հետաքրքրական է, որ Վրաստանի պաշտպանության նախարարը «փորձում է բավարարվել» այդ «շատ հնարավորություններով», քանի որ մինչև վերջերս տեղական և միջազգային բոլոր հարթակներում վերջինս խոսում էր ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլան (MAP-Membership Action Plan) կամ անդամակցություն ստանալու մասին: Սակայն ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Վրաստանը Վարշավայում MAP չի ստանա:
Ամենաթարմ օրինակը Դաշինքի գլխավոր քարտուղարի՝ հունիսի 8-ի հայտարարությունն է: Վերջինս Վրաստանի նախագահի հետ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ «MAP-ը շարունակում է մնալ անդամակցության ճանապարհի անբաժանելի մասը… բայց իմ կարծիքով կարևոր է հասկանալ, որ առանց MAP-ի էլ շատ բան կա, որ մենք կարող ենք անել, որ ավելի շատ ՆԱՏՕ լինի Վրաստանում և ավելի շատ Վրաստան ՆԱՏՕ-ում […more NATO in Georgia, but also more Georgia in NATO]»:
Ալեքսանդր Վերշբոուի հետ հանդիպումով Խիդաշելին ավարտել է իր արտասահմանյան շրջայցը եվրոպական երկրներ և ԱՄՆ, որը սկսել էր հունիսի 1-ից: Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Լեհաստան, այնուհետև ԱՄՆ, Ֆրանսիա:
Հունիսի 15-ին Խիդաշելին Բրյուսելում հանդիպել էր նաև Ուկրաինայի, Թուրքիայի, Լեհաստանի և Խորվաթիայի պաշտպանության նախարարների հետ:
Նշենք, որ հուլիսի 8-9-ն անցկացվող գագաթաժողովում քննարկվելու է 2014 թվականին Ուելսի գագաթաժողովում Վրաստանին տրված համագործակցության փաթեթի [Substantial NATO-Georgia Package] կետերի իրականացման ընթացքը, Վրաստանի ձեռքբերումներն ու թերացումները: Գագաթաժողովում վրաստանյան պատվիրակությունը ղեկավարելու է նախագահ Մարգվելաշվիլին: