Հունիսի 16-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զինված ուժերի հարավային ռազմական շրջան (ՀՌՇ) աշխատանքային այցի շրջանակներում գնացել է Ղրիմ: Վերջինս լսելու է ՀՌՇ-ի և Սևծովյան նավատորմի հրամանատարների զեկույցները ռազմական ենթակառուցվածքների կառուցման ընթացքի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
Ըստ ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության՝ Շոյգուն այցելել է Սևաստոպոլ, որտեղ Սևծովյան նավատորմի ծովային հետևակի առանձին 810-րդ բրիգադին պետական պարգևներ է հանձնել: Այդ բրիգադը մասնակցել է նաև Սիրիայում Ռուսաստանի գործողություններին:
«Բրիգադի զինծառայողները բարեհաջող իրենց խնդիրն են կատարել Հնդկական օվկիանոսում, Ադրիատիկ, Միջերկրական ծովերում, ռուս-աբխազական հակամարտության շրջանում, Հյուսիսային Կովկասում, ինչպես նաև Ղրիմում», — հայտարարել է Շոյգուն:
ՌԴ պաշտպանության նախարարը լինելու է նաև Սակի քաղաքի զինվորական հանգստավայրում, որը 2014 թվականից ՊՆ հաշվեկշռում է:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով զինված ուժերում սկսվել են հանկարծակի ստուգումներ, որոնք տևելու են մինչև հունիսի 22-ը: Ստուգվելու են սպառազինության և տեխնիկայի պահման բազաները, ինչպես նաև զինվորական կառավարման առանձին մարմիններ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ անդրադարձել է լայնամասշտաբ ստուգումներին, նշելով, որ «հանկարծակի ստուգումները խախտում են Եվրոպայում ռազմական թափանցիկության մեխանիզմները»:
Հարկ է նշել, որ այժմ Բալթյան երկրներում և Լեհաստանում ընթանում են ՆԱՏՕ-ի միանգամից մի քանի լայնամասշտաբ զորավարժություններ, որոնցից ամենամեծին՝ «Anakonda 2016-ին» պաշտոնապես արձագանքել են Ռուսաստանն ու Բելառուսը՝ նշելով, որ այն չի նպաստում վստահության մթնոլորտին և անվտանգությանը:
Pingback: Բուլղարիան չի մասնակցի Սև ծովում ՆԱՏՕ-ի «միացյալ նավատորմի» ստեղծմանը | Ռազմ.info