Վրաստանում պատրաստվում են ՆԱՏՕ-ի` Վարշավայում կայանալիք գագաթաժողովին

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին առաջիկա շաբաթների ընթացքում ՆԱՏՕ-ի` Վարշավայում հուլիսի 8-9-ը կայանալիք գագաթաժողովի պատրաստության հարցերով այցելելու է ՆԱՏՕ-ի անդամ մի քանի պետություններ: Այս մասին մայիսի 31-ին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Վրաստան-ՆԱՏՕ

Վրաստան-ՆԱՏՕ

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, առաջին երկիրը, որ Խիդաշելին այցելելու է Լեհաստանն է, որտեղ էլ անցկացվելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Բացի երկկողմ հանդիպումներից, պաշտպանության նախարարը մասնակցելու է Wroclaw Global Forum-ին, որտեղ հունիսի 2-ին ելույթ է ունենալու «Պահպանենք եվրոպական անվտանգությունը» թեմայով:

Այնուհետև Խիդաշելին մեկնելու է ԱՄՆ, որտեղ երկկողմ հանդիպումներ են նախատեսված: Նախարարն այցելելու է ՄԱԿ-ի շտաբ-բնակարան, որտեղ քննարկելու է 2014 թվականին Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում խաղաղապահ առաքելության գործով նախաքննության հարցեր:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարի 29-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի գլխավոր հանձնակատար Զեյդ Ռաադալ-Հուսեյինը հայտարարել էր, որ անհանգստացած է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում օտարերկրացի զինվորականների կողմից անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին հայտարարություններով: Հանձնակատարի նամակում նշվում էր, որ տեղացի աղջիկների հետ անցկացրած հարցումներում վերջիններս նշել են, որ իրենց հետ սեռական կապ են ունեցել նաև վրաստանցի զինծառայողները: Այս հարցով Վրաստանում հատուկ խումբ է կազմվել, որն առաջիկայում մեկնելու է ԿԱՀ տեղում նյութերին ծանոթանալու համար:

Հաջորդիվ Խիդաշելին այցելելու է Ֆրանսիա, որտեղ հանդիպելու է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ լը Դրիանին (Jean-Yves Le Drian): Խիդաշելիի այցելությունները կավարտվեն Բրյուսելում, որտես հունիսի 14-15-ը կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների նիստին:

Նշենք, որ հուլիսի 8-9-ն անցկացվող գագաթաժողովում քննարկվելու է 2014 թվականին Ուելսի գագաթաժողովում Վրաստանին տրված համագործակցության փաթեթի կետերի իրականացման ընթացքը, Վրաստանի ձեռքբերումներն ու թերացումները:

One response to “Վրաստանում պատրաստվում են ՆԱՏՕ-ի` Վարշավայում կայանալիք գագաթաժողովին

  1. Pingback: Վրաստանի պաշտպանության նախարարն Աֆղանստանում հանդիպել է այդ երկրում իր գործընկերոջը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *