Ստոլտենբերգ. «Ռուսաստան-ՆԱՏՕ հանձնաժողովը պիտի նորից հանդիպի մինչև Վարշավայի գագաթաժողովը»

Մայիսի 31-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշիկովսկու հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը: Այս մասին մայիսի 31-ին հայտնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Լեհաստանում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Լեհաստանում

«Երբ լարվածությունը բարձր է, երկխոսությունը, կանխատեսելիությունը և թափանցիկությունը դառնում է ավելի կարևոր…Այդ իսկ պատճառով դաշնակիցները համաձայնել են, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հանձնաժողովը պիտի նորից հանդիպի մինչև գագաթաժողովը [Նկատի ունի ՆԱՏՕ-ի Վարշավայի գագաթաժողովը — Razm.info]»,— հայտարարել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է նաև, որ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները և Բալթիկ ծովից մինչև Սև ծով ՌԴ ռազմական պոտենցիալի մեծացումը, ինչպես նաև ԻՊ-ից և Մերձավոր Արևելքի այլ ահաբեկչական խմբավորումներից եկող սպառնալիքները» հաշվի առնելով իրենք որոշել են, որ ՆԱՏՕ-ի պատասխանը պիտի լինի ապահովել իր դաշնակից պետությունների անվտանգությունը:

«Մենք պետք է ուժեղացնենք մեր հավաքական պաշտպանությունը և կազմակերպենք մեր սահմաններից դուրս կայունությունը: Մենք Վարշավայի գագաթաժողովում կորոշենք Դաշինքի արևելյան հատվածքում մեծացնել մեր հետագա ներկայությունը, իսկ դա նշանակում է Լեհաստանում ՆԱՏՕ-ի հավելյալ զորք: Չհրահրել, բայց կանխել հակամարտությունը», — նշել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս ամենին հավելել է նաև, որ Սառը պատերազմն արդեն պատմություն է և իրենք ուզում են, որ այդպես էլ մնա:
Իսկ ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի օգնությանը Դաշինքի անդամ չհանդիսացող, բայց ՆԱՏՕ-ի անդամ դառնալ ցանկացող Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային, Ստոլտենբերգը վստահեցրել է, որ Վարշավայի գագաթաժողովում Դաշինքը որոշելու է օգնել իրենց այդ գործընկեր երկրներին ուժեղացնել իրենց պաշտպանությունն ու մեծացնել ճկունությունը:

Ստոլտենբերգը Լեհաստանի ազգային մարզադաշտում

Ստոլտենբերգը Լեհաստանի ազգային մարզադաշտում

Հավելենք, որ Վարշավայի գագաթաժողովն անցկացվելու է հուլիսի 8-9-ը: Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են, Ստոլտենբերգը այցելել է Լեհաստանի ազգային մարզադաշտ, որտեղ կայանալու են հանդիպումները: