Հունիսի 14-15-ը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարները Բրյուսելում հանդիպման ժամանակ կհաստատեն Բալթյան երկրներում (Լատվիա,Լիտվա, Էստոնիա) և Լեհաստանում Դաշինքի մեկական գումարտակ տեղակայելու որոշումը, ինչպես նաև կհամաձայնեցնեն Ուկրաինային և Վրաստանին աջակցելու փաթեթը: Այս մասին հունիսի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Պաշտպանության նախարարների այս հանդիպումը վերջին նախապատրաստական նիստն է Վարշավայում հուլիսի 8-9-ը կայանալիք գագաթաժողովից առաջ:
Նիստին մասնակցելու են նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ինչպես նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի պաշտպանության նախարարները:
«Առաջիկա երկու օրերի ընթացքում մենք մի շարք կարևոր որոշումներ ենք կայացնելու մեր հավաքական անվտանգության ուժեղացման և մեր գործընկերների հետ համագործակցության ամրապնդման համար: Այդ որոշումները ճանապարհ են հարթելու Վարշավայի գագաթաժողովի համար», — հայտարարել է Ստոլտենբերգը:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի զորքի տեղակայմանը, Ստոլտենբերգը հայտնել է, որ այդ գումարտակները լինելու են Դաշինքի հրամանատարների հրամանատարության տակ, մնալու են հյուրընկալող երկրներում ռոտացիոն հիմունքներով և ոչ թե մշտական տեղակայման:
Ըստ ամերիկյան «abs News» լրատվակայքի, Բրյուսելում ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դուգլաս Լյութը հայտարարել է, որ գումարտակների և դրանց հրամանատարների մասին կհայտարարվի հուլիսին գագաթաժողովի ժամանակ: Վերջինս նշել է սակայն, որ յուրաքանչյուր գումարտակ կազմված է լինելու 800-1000 զինծառայողից:
Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունն իր հերթին հղում անելով իր թղթակցին Բրյուսելում, հաղորդում է, որ այդ զորախմբերի ռոտացիան իրականացվելու է 6-9 ամիսների ընթացքում:
«Գումարտակներից յուրաքանչյուրը միջազգային է լինելու: Դաշնակիցներից մեկը գլխավոր դերակատարն է լինելու: Պատկերացրեք՝ մի տեղ գլխավոր երկիրը կլինի ԱՄՆ-ն, իսկ զորախումբը կհամալրվի մյուս անդամ-պետություններով», — հայտարարել է Դուգլաս Լյութը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ամերիկյան CNN հեռուստաընկերության կայքի փոխանցմամբ էլ, «յուրաքանչյուր գումարտակ կազմված կլինի 1000 զինծառայողից: Նախատեսվում է, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Գերմանիան ղեկավարելու են գումարտակներից 3-ը, իսկ 4-րդի հրամանատարությունը դեռևս հստակեցված չէ»:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշիկովսկու հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը, սակայն «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները և Բալթիկ ծովից մինչև Սև ծով ՌԴ ռազմական պոտենցիալի մեծացումը» հաշվի առնելով՝ ՆԱՏՕ-ի պատասխանը պիտի լինի ապահովել իր դաշնակից պետությունների անվտանգությունը:
«Մենք պետք է ուժեղացնենք մեր հավաքական պաշտպանությունը և կազմակերպենք մեր սահմաններից դուրս կայունությունը: Մենք Վարշավայի գագաթաժողովում կորոշենք Դաշինքի արևելյան հատվածքում մեծացնել մեր հետագա ներկայությունը, իսկ դա նշանակում է Լեհաստանում ՆԱՏՕ-ի հավելյալ զորք: Չհրահրել, բայց կանխել հակամարտությունը», — նշել էր Ստոլտենբերգը: