Ռուսաստանի զինված ուժերում հանկարծակի ստուգումներ են սկսվել

Այսօր՝ հունիսի 14-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով զինված ուժերում սկսվել են հանկարծակի ստուգումներ, որոնք տևելու են մինչև հունիսի 22-ը: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:

ՌԴ ԶՈւ զինծառայողը վարժանքի ժամանակ Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

ՌԴ ԶՈւ զինծառայողը վարժանքի ժամանակ
Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

«Մարտական և մոբիլիզացիոն պատրաստության գնահատման համար այսօր առավոտյան ժամը 7-ից զինված ուժերի գերագույն հրամանատարի հրամանով սկսվել են հերթական հանկարծակի ստուգումներ: Ստուգվելու են սպառազինության և տեխնիկայի պահման բազաները, ինչպես նաև զինվորական կառավարման առանձին մարմիններ», — հայտարարել է Շոյգուն:

Ըստ Շոյգուի՝ առաջին օրերին ժամանակավոր նորմատիվների հանձմամբ ստուգվելու է մարտական պատրաստության աստիճանը: «Բացի այդ, պետք է գնահատել զինվորական կառավարման մարմինների աշխատանքը, թե ինչպես են կատարում առաջադրված առաջադրանքները, այդ թվում՝ մոբիլիզացիայի հարցերը, պահեստազորային կազմավորումների վիճակը»:
ՌԴ պաշտպանության նախարարը տեղեկացրել է նաև, որ ստուգվելու են ՌԴ իշխանությունների փոխգործակցությունը:

Սերգեյ Շոյգուն նաև մի քանի հանձնարարական է տվել, ըստ որի՝ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովին հանձնարարվել է հանկարծակի ստուգումների մասին տեղեկացնել օտարերկրյա ռազմական կցորդներին:

ՌԴ ՊՆ նախարարը հանձնարարել է նաև ստեղծել աշխատանքային 4 խումբ, կազմակերպել դրանց աշխատանքը միացյալ ռազմավարական հրամանատարություններում:

«Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովին, պաշտպանության նախարարի տեղակալ, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովին հանձնարարում եմ տեղերում անձամբ վերահսկել ստուգումների ընթացքը», — հանձնարարել է Սերգեյ Շոյգուն:

Վերջին լայնամասշտաբ ստուգումն իրականացվել է ՌԴ ԶՈւ հարավային և կենտրոնական ռազմական շրջաններում:

Հարկ է հիշեցնել, որ այժմ Բալթյան երկրներում և Լեհաստանում ընթանում են ՆԱՏՕ-ի միանգամից մի քանի լայնամասշտաբ զորավարժություններ, որոնցից ամենամեծին՝ «Anakonda 2016-ին»  պաշտոնապես արձագանքել են Ռուսաստանն ու Բելառուսը՝ նշելով, որ այն չի նպաստում վստահության մթնոլորտին և անվտանգությանը:

3 responses to “Ռուսաստանի զինված ուժերում հանկարծակի ստուգումներ են սկսվել

  1. Pingback: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է ՌԴ ԶՈւ-ում լայնամասշտաբ հանկարծակի ստուգումներին | Ռազմ.info

  2. Pingback: ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մոտոհրաձիգները հրամանատարաշտաբային վարժանքներ են անում | Ռազմ.info

  3. Pingback: ՌԴ ռազմաօդային ուժերում հանկարծակի ստուգումներ են սկսվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *