Վրաստանում առաջիկայում կկազմավորվի ավիացիայի և հակաօդային պաշտպանության հրամանատարություն, իսկ մինչ այդ մեկ շաբաթվա ընթացքում կնշանակվի կազմավորվող հրամանատարության հրամանատարը: Այս մասին մայիսի 31-ին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիին:
«Պաշտպանության նախարարությունում ձևափոխումների և բարեփոխումների կարևոր փուլ է ընթանում: Ազգային անվտանգության խորհրդի հետ խորհրդակցելուց և իրենց հաստատումը ստանալուց հետո մի քանի ամիս առաջ մենք բարեփոխումների առաջին փուլն իրականացրինք՝ ստեղծեցինք ցամաքային զորքերի համար Արևելյան և Արևմտյան հրամանատարություններ: Հաջորդ քայլը ավիացիայի և հակաօդային պաշտպանության ոլորտում բարեփոխումներն են: Նախատեսել ենք ավիացիայի և հակաօդային պաշտպանության հրամանատարության հրամանատար նշանակել արդեն այս շաբաթ: Բացի այդ, մեծ հույս ունեմ, որ հրամանատարության կազմավորման գործընթացը կավարտվի մինչև այս տարվա հունիսի վերջ: Ավիացիան մեզ և «Վրաստան-ՆԱՏՕ էական փաթեթի» համար կարևոր առաջնահերթություն է: Կարևոր է այս գործընթացն ավարտել մինչև ՆԱՏՕ-ի Վարշավայում կայանալիք գագաթաժողովը», — հայտարարել է Խիդաշելին:
Հավելենք, որ այժմ Վրաստանի ԶՈւ ցամաքային զորքերի կազմում որպես առանձին ստորաբաժանումներ ներգրավված են՝
• Ավիացիոն բրիգադը (Մարնեուլի)
• Հակաօդային պաշտպանության բրիգադը (Թբիլիսի)
• Խառը համալրման ավիացիոն բազան (Ալեքսեևկա)
Նշենք, որ 2014 թվականի Ուելսի գագաթաժողովից հետո Դաշինքը Վրաստանի քայլերին ի պատասխան տվեց համագործակցության նոր փաթեթ, որը կոչվեց Substantial NATO-Georgia Package: Այս փաթեթով համագործակցությունը ներառում է ռազմավարական, օպերատիվ և տակտիկական մակարդակներում համագործակցության 13 ոլորտներ, այդ թվում՝ ավիացան և հակաօդային պաշտպանությունը:
Հարկ է նշել, որ հակաօդային պաշտպանության հարցով Վրաստանը համագործակցում է Ֆրանսիայի հետ: 2015թ. հունիսի 15-ին Փարիզի 51-րդ միջազգային ավիացուցահանդեսի ժամանակ Խիդաշելին ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ պայմանագիր էր կնքել, հավանաբար, հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության համակարգերի ձեռքբերման վերաբերյալ։ Այս մասին հայտնում էր Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ չներկայացնելով սակայն պայմանագրի մասին մանրամասներ։ Թեև հաղորդագրության մեջ չէր մասնավորեցվում՝ հատկապես ինչ տեսակի հակաօդային պաշտպանության միջոցի մասին է խոսքը, սակայն հրապարակված լուսանկարներից և տեսանյութից երևում է, որ վրաստանյան կողմին ներկայացվում է ThalesRaytheonSystems ընկերության փոքր հեռահարության Crotale զենիթահրթիռային համալիրը և Ground Master 200 միջին հեռահարության ռադիոտեղորոշման կայանը: Չի բացառվում, որ խոսքը հենց այս միջոցների մասին է:
Ընդամենը մի քանի ամիս հետո՝ հուլիսի 10-ին, Վրաստանի պաշտպանության նախարարը դարձյալ Փարիզում հրթիռներ արտադրող եվրոպական MBDA ընկերության գլխավոր տնօրեն Անտուան Բուվիեի (Antoine Bouvier) հետ կնքեց ևս մեկ պայմանագիր։ Այս պայմանագրի մանրամասների վերաբերյալ ևս տեղեկություններ չհաղորդվեցին ։ Վրաստանյան կողմը հայտնեց միայն, որ այս պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու օրվանից (2015թ. հուլիսի 10), իսկ պայմանագրի իրականացումը սկսվելու է 2016 թվականի հունվարի 1-ից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամենամսյա տեղեկատվական-վերլուծական «Արտասահմանյան ռազմական տեսություն» (Зарубежное военное обозрение.) ամսագրի 2015 թվականի, №11 համարում «Վրաստանի ռազմաքաղաքական ղեկավարության առաջնահերթությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար» հոդվածում, այնուամենայնիվ, նշված է, որ «…ընթացիկ տարվա կեսերին Ֆրանսիան պատրաստակամություն հայտնեց տրամադրել նրան [նկատի ունի Վրաստանին-Razm.info] Ground Master ռադիոտեղորոշման կայան և կարճ հեռահարության «MICA» զենիթահրթիռային համալիրներ»։
Ընդամենը վերջերս՝ մայիսի 19-ին, Խիդաշելին հայտարարել էր, որ Վրաստանը Ֆրանսիայից հակաօդային պաշտպանության համակարգերը կսկսի ստանալ 2017 թվականից։