ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պետի ասուլիսի ամփոփում

Այսօր՝ ապրիլի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայկական զինուժի վիրավորների քանակի, նրանց վիճակի և բուժման ընթացքի մասին խոսել է Հայաստանի զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Ծառայության պետը տեղեկացրել է, որ իրենց աշխատանքի արդյունքում հոսպիտալ տեղափոխված վիրավորվածներից միայն մեկն է մահացել: «Վիրահատության սեղանին հասած մյուս բոլոր վիրավորների կյանքը հնարավոր է եղել փրկել»:

Գնդապետ Խաչատրյանը վերահաստատել է երեկ՝ապրիլի 6-ին, ՊԲ մամուլի կենտրոնում հնչած տեղեկությունը, որ հայկական ուժերի վիրավորների քանակը 121 է: Վիրավոր զինծառայողներից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են, նրանցից երեքը ժամկետային զինծառայողներ են, 1-ը պայմանագրային է, 1-ը՝ աշխարհազորային (կամավորական): Գնդապետի խոսքով՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բոլոր զինծառայողները Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալում են, իսկ առհասարակ այդ հոսպիտալում ապաքինվում է 32 վիրավոր:

Մյուս վիրավորներն, ըստ Խաչատրյանի, գտնվում են Երևանից դուրս, կայազորային հոսպիտալներում, նրանց վիրավորումներն ավելի թեթև են: Միաժամանակ գնդապետն ընդգծել է, որ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության բազան ամբողջությամբ բավականացրել է վիրավորներին ընդունելու համար, և միայն 5-6 վիրավոր է, որ տեղավորվել է հանրապետության այլ կլինիկաներում: Դա պայմանավորված է նրանով, որ այդ վիրավորներին անհրաժեշտ է նեղ մասնագիտական բուժօգնություն:

Բացի ծայրահեղ ծանր վիրավորներից, 121 վիրավորներից ևս 10-ը ծանր վիճակում են: Մյուս զինծառայողները միջին ծանրության և բավարար վիճակում են, և ըստ գնդապետ Խաչատրյանի, առաջիկա շաբաթվա ընթացքում ամբողջությամբ կապաքինվեն և կվերադառնան իրենց զորամասեր:

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պետը խոսել է նաև իրենց տրամադրված օգնության մասին և մասնավորապես նշել է, որ ծառայությունը համագործակցել է ՀՀ առողջապահության նախարարության հետ: Հենց նախարարության հետ համատեղ՝ ՌԲ ծառայությունը վիրավորների հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին ստեղծել է կենտրոն, որտեղ միջանկյալ օգնություն են ստանալու վիրավորները:

Բացի այդ, Կամավոր խաչատրյանը նշել է, որ իրենց են դիմել բազմաթիվ բժիշկներ ու մասնագետներ և իրենց ծառայություններն են առաջարկել: Սակայն ռազմաբժշկական ծառայությունը ստիպված է եղել մերժել այդ առաջարկները, քանի որ, ըստ Խաչատրյանի, ծառայությունը տեղերում ունի բավարար թվով մասնագետներ, իսկ հավելյալ թվով մասնագետների ներգրավումը որևէ օգուտ չի տա:

Հարցին, թե արդյոք ճանապարհների վիճակը նորմալ է վիրավորներին տարհանելու համար, գնդապետ Խաչատրյանը պատասխանել է, որ ծառայության սանիտարական մեքենաների համար ճանապարհների հնարավոր անբարեկարգությունը խոչընդոտ չէ: Ավելին, ծանր վիրավորները, ըստ Խաչատրյանի, տեղափոխվել են օդային ճանապարհով, որպեսզի նրանց հոսպիտալ հասցնելն իրականացվի ավելի արագ:

Ասուլիսին մասնակցող ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին պատասխանել է անհետ կորածների որոնման, հնարավոր գերիների և զոհված զինծառայողների դիերի վերադարձի վերաբերյալ հարցերին:

ՀՀ ՊՆ խոսնակը հայտնել է, որ ներկայում տարվում են անհետ կորածների որոնման և ճշգրտման աշխատանքներ, սակայն քանի որ Պաշտպանության բանակի զորամասերի մեծ մասը մշտական տեղակայման վայրերում չեն, այլ մարտական իրավիճակում, անհետ կորած զինծառայողների տվյալները ճշտելն ավելի է բարդանում:

Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ թեև Մոսկվայում բանակցություններ են եղել, սակայն Ադրբեջանի հետ քաղաքակիրթ շփման բացակայության պարագայում հնարավոր չէ ճշտել, թե Ադրբեջանում հայկական զինուժից գերիներ կամ դիակներ կան, թե ոչ: Սակայն ճշգրտումների ուղղությամբ այս պահին աշխատանքներ տարվում են:

3 responses to “ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պետի ասուլիսի ամփոփում

  1. Pingback: Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 07.04.2016 | Ռազմ.info

  2. Pingback: Նախարար Օհանյանն ուշ երեկոյան այցելել է զինհոսպիտալ | Ռազմ.info

  3. Pingback: Կստեղծվի զինհաշմանդամների վերականգնողական նոր կենտրոն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *