Ապրիլի 12-ի ուշ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Նախարարը զինվորական հոսպիտալի պետի և բժիշկների հետ տեսակցել է վերջին մի քանի օրերին Արցախի շփման գծում մարտերի ընթացքում վիրավորված զինծառայողներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել ծանր վիրավորների վիճակին, բժշկական անձնակազմի հետ քննարկել է նրանց առողջության հարցն ու բուժման ընթացքը:
Նախարարը զրուցել է նաև զինծառայողների հետ՝ քաջալերել և մաղթել շուտափույթ ապաքինում:
Ավելացնենք, որ ապրիլյան մարտերի սկզբից Սեյրան Օհանյանը հոսպիտալ է այցելում երկրորդ անգամ. նախորդ այցը եղել է ապրիլի 5-ին:
Դրանից առաջ՝ ապրիլի 4-ին էլ հոսպիտալ է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով, իր զորակցությունը հայտնել զինծառայողներին, մաղթել նրանց շուտափույթ ապաքինում:
Նշենք, որ ապրիլյան մարտերի ընթացքում հայկական զինուժն ունեցել է 122 վիրավոր, որոնցից 32-ը տեղավորվել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Նրանից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր էր, ևս 10-ինը՝ ծանր:
ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ծառայության պետի խոսքով՝ ՀՀ ՊՆ հոսպիտալների բազան բավականացրել է բոլոր վիրավորներին տեղավորելու և բժշկական սպասարկում ապահովելու համար: