Մարտի 22-ի հարցազրույցում Ադրբեջանի ՌՕՈւ և ՀՕՊ զորատեսակների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը նշել է, որ բելառուսական արտադրության Տ38 «Ստիլետ» (Т38 Стилет) ԶՀՀ-ն ռուսաստանյան արտադրության Ս-125 «Պեչորա» ԶՀՀ-ի արդիականացված տարբերակներից մեկն է, չնայած բելառուսական արտադրողը լրիվ ուրիշ «կարծիք» ունի այդ մասին: Թահիրովից հարցազրույց է վերցրել և հրապարակել ադրբեջանական «Ազերի դիֆենս նյուզ» ռազմական լրատվակայքը:
Հարց. «Դուք արդեն նշեցիք «Բուկ ՄԲ» ԶՀՀ-ների նշանակությունը: Բելառուսական կողմի պաշտոնական հայտարարության համաձայն` «Բուկ» ԶՀՀ-ների հետ Ադրբեջանին վաճառվել են նաև Տ38 «Ստիլետ» (Т38 Стилет) համակարգեր: Անչափ հետաքրքիր է Ձեր կարծիքը վերը նշված ԶՀՀ-ների` մեր ՀՕՊ համակարգում նշանակության վերաբերյալ: Ուզում ենք հարցնել, բելառուսական «Տետրաէդր» ընկերության հետ Ս-125 և «Օսա» ՀՕՊ համակարգերի արդիականացման աշխատանքները ավատվե՞լ են արդյոք: (Նշենք, որ Ադրբեջանին Տ38 ԶՀՀ-ներ վաճառելու մասին 2014-ի հուլիսին հայտարարել էր բելառուսական «Տետրաէդր» ընկերություն ներկայացուցիչ Իգոր Նովիկը – Ռազմինֆո):
Պատասխան. «ԲուԿ ՄԲ» զենիթահրթիռային համակարգը ժամանակակից և հուսալի համակարգ է: Մենք այն բազմիցս փորձարկել ենք մարտական իրավիճակներում: Իսկ Տ38 «Ստիլետը»` Ս-125 ԶՀՀ-ի արդիականացված տարբերակներից մեկն է: Մեր սպառազինությունում առկա Ս-125 2ՏՄ «Պեչորա» ԶՀՀ-ն Ս-125 ԶՀՀ-ների մեկ այլ արդիականացված տարբերակ է: Արդիականացման աշխատանքները ավարտվել են, և վերը նշված համակարգը մեզ լիովին բավարարում է: Իսկ ինչ վերաբերում է Տ38 «Ստիլետ» գնելուն, ապա մենք նման միտք էլ չունենք:
Նշենք, որ Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեի տրամադրած տեղեկության համաձայն` Տ38 «Ստիլետ» ԶՀՀ-ները ոչ թե Ս-125 ԶՀՀ-ների, այլ` «Օսա» ԶՀՀ-ների արդիականացված տարբերակներից են: 2015-ի ապրիլին էլ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանում կրակային վարժանքներ էր անցկացրել «Օսա-1Տ» ինքնագնաց ԶՀՀ-ներով: Նշենք նաև, որ «Օսա-1Տ» ԶՀՀ-ների սպառազինությունում ընդգրկվում են Տ382 հրթիռներ, ապա վերջինս վերածվում է Տ38 «Ստիլետ» զենիթահրթիռային համալիրի:
Այսպիսով պարզ է դառնում, որ Ադրբեջանի ՌՕՈւ և ՀՕՊ հրամանատարը չի տարբերում իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների սպառազինությունում առկա ՀՕՊ համակարգերը, ինչը, մեղմ ասած, բավականին տարօրինակ փաստ է:
Ստորև ներկայացնում ենք Ս-125 2ՏՄ «Պեչորա», Տ38 «Ստիլետ» և «Օսա-1Տ» ԶՀՀ-ների նկարները:
Pingback: Ադրբեջանում զորավարժություն են անցկացրել Ս-125 ԶՀՀ-ների բելառուսական մոդիֆիկացիայով | Ռազմ.info