Տեսչական 2-շաբաթյա ստուգումներ են անցկացվել Պաշտպանության բանակում

Մարտի 14-25-ին ՊԲ հետ համագործակցության շրջանակներում ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսչությունը ստուգումներ է իրականացրել Պաշտպանության բանակի՝ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում: Այս մասին տեղեկացնում է ՊԲ «Գոյամարտ» հեռուստածրագրի՝ մարտի 26-ի թողարկումը:

Պաշտպանության բանակում անցկացված տեսչական ստուգումների ընթացքը. ստուգվում է զինծառայողների զենքն ու հանդերձանքը

Պաշտպանության բանակում անցկացված տեսչական ստուգումների ընթացքը. ստուգվում է զինծառայողների զենքն ու հանդերձանքը

ՀՀ նախագահի խորհրդական, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի ղեկավարությամբ անցկացված տեսչական ստուգումներին հետևել են նաև Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Տեսչական ստուգումները մեկնարկել են անձնակազմի շարային ստուգատեսով, որի ընթացքում տեսուչները ստուգել են անձնակազմի արտաքին տեսքն ու հանդերձանքի վիճակը:

Ստուգումների ընթացքում նկատված թերությունները վերացվել են, իսկ ստուգող փորձառու սպաները մեթոդական ցուցումներ են տվել զորամասերի հրամանատարական կազմերին:

Մոտ 2 շաբաթվա ընթացքում զինծառայողները նաև քննություններ են հանձնել մարտավարամասնագիտական, ֆիզիկական և հասարակական-պետական պատրաստություն, մեքենավարում, կրակային պատրաստություն և մի քանի այլ առարկաներից:

Ստուգումների ընթացքում տեսուչները ստուգել են նաև զորամասերի բարձր աստիճանի մարտական պատրաստականության բերման ժամանակ անձնակազմի մարտավարամասնագիտական ունակությունները:

Ստուգումների ընթացքում անցկացվել է նաև զորքերի լրահամալրում պահեստազորից: Ներգրավված զորամասերն ու զինկոմիսարիատները ժամանակին կարողացել են կատարել նախատեսված բոլոր գործողությունները:

Ստուգումների ընթացքին անդրադառնալով ՀՀ նախագահի խորհրդական, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունը նշել է. «Բանակը մարտունակ է: Այն զորամասերը, որ մենք նայել ենք, մարտունակ վիճակում են, պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները: Իհարկե, կան թերություններ, բայց դրանք այնպիսի թերություններ են, որոնք գլխավոր խնդիրների լուծման համար խոչընդոտ չեն: Հրամանատարները պատրաստ են ղեկավարելու մարտը, և համոզված եմ, որ նրանք ի վիճակի են կատարել այն խնդիրները, որ կդրվեն գերագույն գլխավոր հրամանատարի կամ պաշտպանության նախարարի կողմից»:

Տեսչական ստուգումների ավարտին ամփոփվել են դրանց արդյունքները, վերլուծվել են իրականացված աշխատանքները և զորամասի ու բանակի հրամկազմին են ներկայացվել այն ուղղությունները, որոնք պահանջում են հետագա առավել համակարգված և հասցեական աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ նշվել է, որ ստուգված զորամասերն ու ստորաբաժանումները պատրաստության բարձր մակարդակի վրա են և ունակ են կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *