Բելառուսական «Տետրաէդր» ընկերությունը, որը զբաղվում է հիմնականում ՀՕՊ համակարգերի արդիականացմամբ ու ռադիոէլեկտրոնային համակարգերի ստեղծմամբ, Ադրբեջանին վաճառել է 2 մարտկոց Տ38 «Ստիլետ» (Т38 Стилет) ինքնագնաց զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ), և պատրաստվում է Ադրբեջանի համար «ավելի խոշոր պատվերի կատարմանը»։
Այս մասին MILEX-2014 բելառուսական ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ «ԱՐՄՍ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության թղթակցին հայտնել է «Տետրաէդրի» ղեկավար անձնակազմի անդամ Իգոր Նովիկը։ Նա չի մանրամասնել, թե խոշոր պատվերն ավելի հստակ ինչ է ենթադրում։
Նրա խոսքերով՝ իրենց ընկերությունը համագործակցում է Ադրբեջանի հետ շուրջ 10 տարի, ադրբեջանական զինուժն արդեն կիրառում է ստացած «Ստիլետները»։ Նովիկովը շեշտել է, որ մեկ այլ պետություն գնել է 12 նման համալիրներ, որոնցից 4-ն արդեն փոխանցել են, սակայն չի նշել, թե որ երկրի մասին է խոսքը։
Հիշեցնենք, որ 2008-ին դեկտեմբերին «Տետրաէդր» ընկերությունը Ադրբեջանի հետ առաջին պայմանագիրն էր կնքել վերջինիս ունեցած 27 հատ Ս-125Մ-երը «Պեչորա-2ՏՄ»-ի զենիթահրթիռային համալիրների փոխակերպելու համար՝ պայմանագրի կատարման ավարտ նախանշելով 2009-ի օգոստոսը: Այնուհանդերձ, «Տետրաէդրը» 2012-ի հունվարի դրությամբ շարունակում էր Ադրբեջանի զինուժին պատկանող Ս-125 ԶՀՀ-ների արդիականացումը և այդ նպատակով Ադրբեջանում համատեղ ձեռնարկություն էր հիմնել: Ադրբեջանական կողմից Սումգայիթում տեղակայված ձեռնարկության համահիմնադիր էր դարձել «Ազէյրտեխսերվիս» ընկերությունը: Ադրբեջանի ՀՕՊ-ին պատկանող Ս-125 «Պեչորա» զենիթահրթիռային համալիրներն այդ ժամանակվա դրությամբ կազմում էին 2 մարտկոց (8 մարտական մեքենա): Ենթադրվում է, որ արդիականացումից հետո «Պեչորա» ԶՀՀ-ի գործունեության ժամկետը երկարաձգվում է ևս 15 տարով:
2011-ից ադրբեջանական մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել, որ Ադրբեջանը հետաքրքրված է Տ38 «Ստիլետ» համալիրներով: Համաձայն ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության տվյալների՝ ադրբեջանական պատվիրակությունը սույն համալիները ձեռք բերելու ցանկություն էր հայտնել Աբու-Դաբիում 2011-ի փետրվարին կայացած IDEX-2011 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։ Ադրբեջանական կողմի հետաքրքրվածության փաստը հաստատել էին նաև ուկրաինական աղբյուրները։
Տ38 «Ստիլետը» նախատեսված է ՀՕՊ ստորաբաժանումներում կիրառելու համար, այն ունակ է խոցելու օդային թիրախներ փոքր և միջին բարձրությունների վրա։ Ըստ համալիրիի մարտավարատեխնիկական տվյալների՝ դրա թիրախի նվազագույն արդյունավետ սփռման մակերեսը 0.03 մ² է։
Կարևոր է նշել, որ «Ստիլետը» ստեղծվել է «Օսա-ԱԿՄ» համալիրի հիմքի վրա՝ հանդիսանալով դրա խորը արդիականացումը։ Մինչև 900 մ/վ արագությամբ թռչող թիրախների խոցման առավելագույն հեռավորությունը կազմում է 10 կիլոմետր։ Համալիրն ընդգրկում է Տ-381 արձակման կայան՝ զինված Տ-382 զենիթային հրթիռներով, որոնց հեռահարությունը 20 կմ է։ Բացի այդ, այն ներառում է տրանսպորտային-լիցքավորող մեքենա, կարգավորման մեքենա, տեխնիկական սպասարկման մեքենա, ավտոմատացված կառավարման-փորձարկման կայան և վերգետնյա սարքավորման համալիր։
2011-ի հոկտեմբերի 4-7-ը Բելառուսի ՌՕՈւ զորքերի զորավարժարաններից մեկում «Ստիլետ» ԶՀՀ-ից 5 անգամ մարտական կրակ արձակվեց փոքր չափերի արագընթաց 2 հրթիռ-թիրախների ուղղությամբ։ Բոլոր թիրախները հաջողությամբ ոչնչացվեցին։
Հատկանշական է, որ «Ստիլետների» բելառուսական արտադրողը ժամանակավորապես դադարեցրել է համագործակցությունն իր ուկրաինական գործընկերոջ՝ «Լուչ» կոնստրուկտորային բյուրոյի հետ, որի հետ համատեղ էլ արտադրում էր «Ստիլետների» համար նախատեսված նոր Տ-382 զենիթային կառավարվող հրթիռ։ Խնդիրն Ուկրաինայում քաղաքական ու տնտեսական իրավիճակն է։
Pingback: Ադրբեջանի սպառազինության գնումները Բելառուսից՝ ըստ ՄԱԿ-ի ռեգիստրի | Ռազմ.info
Pingback: Երբ Ադրբեջանի ՌՕՈւ և ՀՕՊ հրամանատարը չի տարբերում ՀՕՊ համակարգերը | Ռազմ.info