Ինդոնեզիան վավերացրել է Թուրքիայի հետ ռազմարդյունաբերական համագործակցության պայմանագիրը

Ինդոնեզիան վավերացրել է Թուրքիայի հետ դեռ 4 տարի առաջ կնքած պայմանագիրը, ըստ որի՝ երկու երկրները նախատեսում են ընդլայնել ռազմական արտադրանքի առևտուրն ու համատեղ արտադրությունը: Այս մասին հայտնում է բրիտանական «Ջեյնս» ռազմական հանդեսը:

Պայմանագրի վավերացման ձգձգումն, ըստ աղբյուրի, կապված էր երկու երկրների օրենսդրական համակարգերի որոշ հարցերում անհամատեղելիության, ինչպես նաև մտավոր սեփականության պաշտպանության խնդիրների հետ: Հետագայում այդ խնդիրները երկու կողմերը հարթել են:

Բայց չնայած, որ պայմանագիրը նոր է վավերացվում՝ պայմանագրի կնքումից մինչև հիմա երկու կողմերը արդեն հասցրել են որոշ պայմանավորվածություններ ձեռք բերել ու անգամ զրահատեխնիկայի համատեղ արտադրության երկու պայմանագիր կնքել:

Ինդոնեզիայի ու Թուրքիայի համատեղ նախագծած տանկի տեսքը

Ինդոնեզիայի ու Թուրքիայի համատեղ նախագծած տանկի տեսքը

Մասնավորապես Թուրքիայի ու Ինդոնեզիայի կառավարությունները պայմանագիր են ստորագրել, որով նախատեսում էին համատեղ նոր թեթև տանկ ստեղծել։ Երկու երկրները նախատեսում էին տանկը նախագծել Ինդոնեզիայի սպառազինությանը հանձնելու համար։ Նոր տանկի նախագծման աշխատանքների մեջ ներգրավվել են թուրքական FNSS Savunma Sistemleri ու ինդոնեզական PT Pindad ռազմարդյունաբերական ընկերությունները։

2014-ի մարտին ներկայացվել է նաև համատեղ արտադրության ենթակա տանկի արտաքին տեսքը: Ինչպես և նախատեսված էր, տանկը կունենա դասական կազմվածք՝ մարտական հանգույցը կենտրոնում, իսկ շարժիչատրանսիմիսիոն հանգույցը՝ հետևում։ Տանկի վրա տեղադրվելու է 105 մմ ակոսավոր թնդանոթ, որին կից կտեղադրվի նաև 7,62 մմ գնդացիր։ Տանկի զանգվածը պիտի լինի շուրջ 25 տոննա։

Ռազմարդյունաբերական համագործակցության ևս մեկ պայմանագիր Թուրքիան ու Ինդոնեզիան կնքել են 2013-ի մայիսին։ Այս պայմանագրով նախատեսված էր, որ երկու երկրները համատեղ ստեղծելու են թեթև ու միջին դասի զրահամեքենաներ, որոնք տրամադրվելու են թե´ Թուրքիայի, թե´ Ինդոնեզիայի զինված ուժերին։ Երկու կողմերը նախատեսել էին մեքենաների սերիական արտադրության սկսելուց հետո դրանք վաճառել նաև այլ երկրների։

Թեև նախատեսվում էր, որ թուրքական զրահամեքենաների հիմքով նախագծվող նոր զրահամեքենաները պիտի տրամադրվեն մեկ տարի անց՝ 2014-ին, սակայն պայմանագրի կատարման մասին այս ընթացքում որևէ տեղեկություն չի հաղորդվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *