Մարտի 5-ին ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Տատյանա Շևցովան հայտարարել է, որ երկրի պաշտպանական բյուջեն կրճատվելու է 5 տոկոսով, սակայն կրճատումները չեն վերաբերելու սպառազինության ձեռք բերման պետական ծրագրին, ինչպես նաև` նախարարության սոցիալական պարտավորություններին:
Հիմնական կրճատումները կատարվելու են շինարարությունների և նյութատեխնիկական ապահովման ծախսերի հաշվին: Այս մասին ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալը հայտնել է «Նորությունների ռուսական ծառայություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում:
Տատյան Շևցովան հայտարարել է, որ բյուջեն չի կրճատվելու 10 տոկոսով, ինչը քննարկվում էր նավթի համաշխարհային գների կտրուկ անկումից հետո: Նա նշել է, որ ՌԴ ՊՆ ծախսերի շուրջ 55%-ը ուղղվում է բանակի վերազինմանը, ինչը նպաստում է նաև երկրի ռազմարդյունաբերության, ինչպես նաև քաղաքացիական արդյունաբերության զարգացմանը:
Նշենք, որ 2016-ի դեկտեմբերին հաստատված բյուջեի նախագծում պաշտպանական ոլորտին հատկացումները կազմում էին շուրջ 3,14 տրիլիոն ռուբլի (շուրջ 45,3 մլրդ ԱՄՆ դոլար): Սպառազինությունների ձեռքբերման պետական ծրագիրը հիմնականում վերաբերում է ռուսաստանյան ռազմարդյունաբերական ընկերություններից սպառազինության ձեռքբերմանը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալը հայտնում է, որ երկրի նախագահի ղեկավարությամբ 2016-ի փետրվարին անցկացված քննարկումներում ՊՆ մասնագետները կարողացել են ցույց տալ, որ 10%-ի կրճատումը կարող է տանել նաև բանակում կառուցվածքային լուրջ հետընթացների, քանի որ վերջին տարիներին զգալի թվով ավելացել է պայմանագրային պրոֆեսիոնալ զինծառայողների թվաքանակը:
Ինչպես նաև ՌԴ ՊՆ մասնագետներն ընդգծել են, որ սպառազինության ձեռքբերման պետական ծրագրում կրճատումները կբերեն երկրի արտադրողականության կրճատմանը և սոցիալական վիճակի վատթարացմանը:
Ավելացնենք, որ 2015-ի դեկտեմբերին հաստատված տարբերակում նավթի մեկ բարելի համար հաշվարկված էր 50 ԱՄՆ դոլար, սակայն վերջին երկու ամիսների ընթացքում նավթի համաշխարհային գները հասել են շուրջ 30-35 դոլարի: Այդ իսկ պատճառով առաջացել էր պետբյուջեի վերահաշվարկի և կրճատոմներ իրականացնելու խնդիր:
Նավթի գնի անկման հետ կապված՝ խնդիրներ են առաջացել նաև Ադրբեջանում, որտեղ արդեն վերահաշվարկել են երկրի պետական բյուջեն: Արդյունքում, հաշվի առնելով նաև դոլարի նկատմամբ մանաթի անկումը, Ադրբեջանի ռազմական բյուջեն դոլարային արտահայտությամբ նվազել է շուրջ 18 տոկոսով: