Անհրաժեշտության դեպքում Հայաստանի ՀՕՊ ստորաբաժանումները կներգրավվեն ՌԴ ԶՈւ վարժանքին. Օհանյան

Այսօր՝ փետրվարի 9-ին, Երևանի պետական համալսարանում հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ռազմինֆոյի հարցին պատասխանելով, անդրադարձել է Ռուսաստանի ԶՈւ ՀՌՇ հանկարծակի վարժանքին Հայաստանի ԶՈւ հնարավոր մասնակցությանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգը երեկ բերվել է մարտական պատրաստության լրիվ աստիճանի: Ռազմինֆոյի հարցին, թե հայ-ռուսական տարածաշրջանային միացյալ ՀՕՊ համակարգի շրջանակներում Հայաստանն արդյո՞ք մասնակցում է այս վարժանքին, նախարարը պատասխանել է, որ վարժանքին մասնակցում է Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան, որը նույնպես մտնում է Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) մեջ:

— Ինչ վերաբերում է հակաօդային պաշտպանությանը, ապա եթե [վարժանքի ընթացքում] հարավային օկրուգին առաջադրվեն [այնպիսի] խնդիրներ, որոնք վերաբերում են հենց մեր տարածաշրջանի հակաօդային պաշտպանությանը, ապա այդ խնդիրների մեջ մենք մեր մասնակցությունը կունենանք, — մանրամասնել է նախարար Օհանյանը:

Պաշտպանության նախարարը նաև մանրամասնել է, որ ռուսաստանյան զինված ուժերի հարավային ռազմական շրջանի հանկարծակի ստուգումը զուգադիպել է ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորման հանկարծակի ստուգման հետ, որը սկսվել է դրանից մեկ օր առաջ: Եվ եթե այդ զուգահեռ ստուգումների ժամանակ համատեղ խնդիրներ լինեն, ապա հայաստանյան զորամիավորումը նույնպես կմասնակցի վարժանքին, նշել է նախարարը:

Նշենք, որ նախարար Օհանյանը Երևանի պետական համալսարան է այցելել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպելու համար: Հանդիպումից հետո նախարարը նաև պատասխանել է ուսանողների և դասախոսների հարցերին:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 8-ին, Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանը և ՌԴ ԶՈւ մի քանի այլ ստորաբաժանումներ հանկարծակի բերվել են մարտական պատրաստության «լրիվ» աստիճանի՝ զորքերի մարտունակության և զգոնության ստուգման համար: ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ վարժանքի ընթացքում կատարելագործվելու են ռազմական շրջանի բոլոր գործողությունները, այդ թվում և ռազմական ավիացիայի և ՀՕՊ ստորաբաժանումների կողմից ռազմական և պետական կարևոր օբյեկտների պաշտպանությունը՝ հակառակորդի օդային հարձակման դեպքում:

Ավելացնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծումից հետո Ռուսաստանի կովկասյան տարածքներում տեղակայված ավիացիոն և ՀՕՊ ստորաբաժանումները նույնպես ներգարվվելու են այդ համակարգի մեջ:

Հայաստանյան «Մեդիամաքս» գործակալության հետ զրույցում ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը տեղեկացրել էր, որ միացյալ համակարգի ստեղծումը թույլ կտա ՀՀ օդային տարածքի և պետության տարածքում գտնվող օբյեկտների պաշտպանության ընթացքում կիրառել ոչ միայն Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի ՀՕՊ ուժերը եւ ավիացիան, այլ նաեւ ՌԴ Հարավային ռազմական շրջանի ուժերը:

One response to “Անհրաժեշտության դեպքում Հայաստանի ՀՕՊ ստորաբաժանումները կներգրավվեն ՌԴ ԶՈւ վարժանքին. Օհանյան

  1. Pingback: ՌԴ ԶՈւ հարավային միավորումները բերվել են մարտական պատրաստության աստիճանների | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *