Ռուսաստանի ռազմածովային ուժերը 2016-ին կմասնակցեն 6 միջազգային զորավարժության, որոնցից մեկին ներգրավված է նաև Ադրբեջանը: Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ՌԾՈւ գլխավոր հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Ֆեդոտենկովը:
«2016-ին օտարերկրյա ռազմածովային ուժերի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ աշխատանքների շրջանակներում նախատեսված է իրականացնել Ռուսաստան-Ղազախստան-Ադրբեջան ռազմածովային եռակողմ զորավարժությունը, ինչպես նաև համատեղ զորավարժություններ Չինաստանի («Ծովային փոխգործակցություն-2016»), Հնդկաստանի («Ինդրա Նէվի-2016»), Եգիպտոսի («Բարեկամության կամուրջ-2016») և «Կոմանդո-2016» համատեղ զորավարժությունները` Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ»,—նշել է Ֆեդոտենկովը:
Նշենք, որ Կասպից ծովում Ռուսաստանի, Ղազախստանի ու Ադրբեջանի համատեղ զորավարժության մասին հայտարարվել էր 2015-ի օգոստոսին, նախատեսվում էր այն անցկացնել մինչև տարեվերջ: Սակայն նոյեմբերին արդեն հայտնի դարձավ, որ եռակողմ զորավարժությունը հետաձգվել է մինչև 2016թ.: