Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է վերջին շրջանում ադրբեջանական կողմի սադրանքները և հայկական կողմի պատասխան գործողությունները: Նախարար Օհանյանը ևս մեկ անգամ նշել է իրավիճակի վերահսկողությունը ուժեղացնելու նպատակով հետաքննչական միջազգային մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը:
Դեսպան Անջեյ Կասպրշիկն իր հերթին մտահոգություն է հայտնել իրավիճակի պարբերաբար սրման վերաբերյալ և խոստացել համապատասխան քայլեր ձեռնարկել:
Նշենք, որ սահմանում, շփման գծում կրակոցների և այլ միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը բանակցություններում միշտ պնդում է հայկական կողմը: Այս մեխանիզմների մշակման նպատակը կրակոցների և այլ սադրանքների հետաքննումն է և մեղավորների հայտնաբերումը: Սակայն ադրբեջանական կողմն անընդհատ խուսափում է այս մեխանիզմների մշակումից և ներդրումից: