ԱՄՆ ռազմաօդային ուժերն ԻՊ դիրքերին կհարվածեն նաև Աֆղանստանում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Աֆղանստանում գտնվող ամերիկյան ռազմաօդային ուժերին թույլատրել է ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակեպության տեղի դիրքերին։

Ամերիկացի զինվորականներն Աֆղանստանում

Ամերիկացի զինվորականներն Աֆղանստանում

Այս մասին հայտնում է ամերիկյան The Washington Post պարբերականը՝ հավելելով, որ ԱՄՆ Պենտագոնի (պաշտպանության նախարարություն) ներկայացուցիչը հունվարի 20-ին հայտարարել է՝ նոր որոշումը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին ավելի ակտիվորեն ավիահարվածներ հասցնել ԻՊ դիրքերին Աֆղանստանում։

Նախկինում ամերիկացի զինծառայողներին թույլատրվում էր ավիահարվածններ հասցնել Աֆղանստանում միայն 3 դեպքում. առաջին՝ օտարերկրյա զինված կազմավորումներին պաշտպանելու նպատակով, երկրորդ՝ աֆղանցի զինծառայողներին օժանդակելու համար, երրորդ՝ «Ալ-քաիդայի» դեմ պայքարի ժամանակ։ Ընդ որում՝ հատկանշական է, որ «Իսլամական պետությունը» դեպքերից և ոչ մեկում չէր հիշատակվում։

ԱՄՆ զինծառայողներն Աֆղանստանում

ԱՄՆ զինծառայողներն Աֆղանստանում

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն Աֆղանստանում առկա է 2001-ից։ 2014-ի դեկտեմբերի 28-ին՝ ՆԱՏՕ-ի առաքելության մեկնարկից 13 տարի անց, երկրի անվտանգության ապահովման առաքելությունը ՆԱՏՕ-ի զորքերը պաշտոնապես հանձնել են տեղական ուժերին՝ հունվարի 1-ից սկսելով «Վճռական աջակցություն» առաքելությունը, որը դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին միաձայն հաստատվել էր ՄԱԿ-ի կողմից:

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը 2015-ի փետրվարի 21-ին Աֆղանստան կատարած այցի շրջանակներում նախագահ Աշրաֆ Հանիին հանդիպելուց հետո հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ղեկավարությունը բանակցություններ է վարում աֆղանական կողմի հետ՝ զորախմբի դուրսբերման ծրագիրը վերանայելու և ընթացքը դանդաղեցնելու շուրջ։

Նա նշել էր, որ ներկայիս մոտ 10-հազարանոց զորախումբը մինչև 2016 թվականը պահպանելու քննարկումներ դեռևս չեն եղել, պարզապես քննարկվում է հակաահաբեկչական զորախմբի գործառույթների ընդլայնման հարցը, քանի որ «ալ-Քաիդա», «Իսլամական պետություն» և «Թալիբան» ահաբեկչական խմբավորումները սկսել են առավել ակտիվ գործունեություն ծավալել։

Սակայն ավելի ուշ՝ մարտի 16-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ղեկավարությունը մտադիր է պահել Աֆղանստանում ամերիկյան զորախմբի թվաքանակը և հրաժարվել զորքերը մինչև 5500-ի նվազեցնելու վերաբերյալ երկկողմ պայմանագրից։ Որոշումը կապված է Աֆղանստանի տարածքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտության հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *