Ամփոփվել են Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի 2015-ի աշխատանքները

Հունվարի 18-ին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Գալկինը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է ՀՌՇ 2015 թվականի արդյունքներն ու մատնանշել 2016-ի խնդիրների հեռանկարները։ Այս մասին հայտնում է ՀՌՇ մամուլի ծառայությունը։

Ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հրետանավորները զորավարժության ժամանակ

Ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հրետանավորները զորավարժության ժամանակ

Գեներալ-գնդապետ Ալ. Գալկինը նշել է, որ իրականացվել են ավելի քան 1500 տարբեր մարտավարական վարժանքներ ու հավաքներ, զորամասերի մատական պատրաստության շուրջ 200 անսպասելի ստուգում, իսկ կառավարման մարմինների վերապատրաստման աշխատանքների շրջանակներում՝ 30-ից ավելի հրամանատարաշտաբային զորավարժություն ու վարժանք։

ՀՌՇ հրամանատարը նշել է, որ 2015-ին իրականացված վարժանքների թիվը 10 %-ով ավել է 2014-ի համեմատությամբ։

Ռազմական շրջանի ավիացիոն ստորաբաժանումների թռիչքային վարժանքների ինտենսիվությունը 2015-ին, 2014-ի համեմատ, աճել է 15%-ով։ Իրականացվել է շուրջ 50 թռիչքային-մարտավարական վարժանք՝ շուրջ 3 հազար 6 հարյուր ռումբի ու 5 հազար ավիացիոն հրթիռի կիրառմամբ։ Ընդհանուր առմամբ՝ Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի և Հայաստանի «Էրեբունի» ավիաբազայի ՌՕՈւ-ի և ՀՕՊ-ի անձնակազմերի թռիչքները տևել են ավելի քան 50 հազար ժամ։ Յուրաքանչյուր անձնակազմի թռիչքի միջին տևողությունը տարվա ընթացքում ստացվել է 100 ժամից ավելի։

ՌԴ ՌԾՈւ Սևծովյան նավատորմի և Կասպյան նավատորմիղի մարտական պատրաստության ինտենսիվությունը 2014-ի համեմատ մեծացել է գրեթե 1 ու կես անգամ։

2015-ի ընթացքում ռազմական շրջանը պետպաշտպանական պատվերների շրջանակներում ստացել է ավելի քան 1100 միավոր տարբեր տեսակի զինտեխնիկա։

Ավիացիոն և ուղղաթիռային գնդերը համալրվել են 60 միավոր նոր տեխնիկայով, այդ թվում՝ Սու-34 ճակատային ռմբակոծիչներով, Սու-30ՍՄ, Սու-30ՍՄ կործանիչներով, Սու-24Մ ռմբակոծիչներով, Սու-25ՍՄ3 գրոհիչներով և Մի-28Ն, Մի-35Մ, Կա-52 հարվածային ու Մի-8ԱՄՏՇ բազմանպատակային ուղղաթիռներով։

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչը և ՀՀ ԶՈւ Մի-24 հարվածային ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանում. լուսանկարը ՌԴ 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայության

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչը և ՀՀ ԶՈւ Մի-24 հարվածային ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանում. լուսանկարը ՌԴ 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայության

Ռուսաստանի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, մասնավորապես, 2015-ի դեկտեմբերին համալրվել է նաև հարվածային և բեռնատար ուղղաթիռներով՝ 7 միավոր և 6 միավոր խմբաքանակներով։

Ցամաքային ստորաբաժանումները ստացել են ավելի քան 110 տանկ և մարտական զրահապատ մեքենաներ, ավելի քան 150 միավոր հրթիռահրետանային զինատեսակներ, և շուրջ 200 միավոր կապի միջոցներ ու ավելի քան 550 բազմանպատակային ավտոմատներ։

Հրթիռային ստորաբաժանումները 2015-ի նոյեմբերին ստացել են «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների 2-րդ խմբաքանակը (ՌԴ Հարավային ռազմական օկրուգը «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրների առաջին դիվիզիոնը ստացել է 2013 թ. դեկտեմբերին

Շրջանի հրետանային ստորաբաժանումները համալրվել են 122 մմ-անոց «Տորնադո-Գ»  համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, «Մստա-Ս» արդիականացված ինքնագնաց հրետանային համակարգերով։

Մստա-Ս ինքնագնաց հաուբից. ՌԴ ԶՈւ

Մստա-Ս ինքնագնաց հաուբից. ՌԴ ԶՈւ

Սևծովյան նավատորմն ու Կասպյան նավատորմիղը ստացել են շուրջ 20 նոր նավ, այդ թվում՝ «Ստառի Օսկոլ» և «Կրասնոդար» սուզանավերը, «Սերպուխով» փոքր հրթիռային նավը։

Անդրադառնալով 2016-ին նախատեսվող ծրագրերին՝ Գալկինը նշել է, որ այս տարի նախատեսվում է ՀՌՇ-ն համալրել ևս 1200 նորագույն և արդիականացված զինտեխնիկայով։ Ռազմական շրջանի հրամանատարը նաև շեշտել է, որ 2016-ին այս ռազմական շրջանի հիմնական «քննությունը» լինելու է ռազմավարական հրամանատարաշտաբային «Կովկաս-2016» զորավարժությունը, որը կայանալու է սեպտեմբերին Հարավային և Հյուսիսային Կովկասներում և Ղրիմի դաշնային շրջանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *