Դեկտեմբերի 17-ին ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգ է հասել Իսկանդեր-Մ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի (ՕՄՀՀ) առաջին դիվիզիոնը։ Ռազմական տեխնիկան ընդունել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինը, ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Գալկինը և բարձրաստիճան այլ զինվորականներ։ Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս լրատվական գործակալությունը։
Իսկանդեր-Մ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր։ Լուսանկարը՝ Ռիա Նովոստի լրատվական գործակալությանը
Ինչպես նշել է ՊՆ առաջին տեղակալ Բախինը, Իսկանդեր-Մ-ի մյուս երկու դիվիզիոնները Հարավային ռազմական շրջան կբերվեն առաջիկա երկու ամիսների ընթացքում։
Ավելի վաղ, գերմանական Bild պարբերականը հղում անելով իր աղբյուրներին հայտնել էր, որ Ռուսաստանը Իսկանդեր-Մ ՕՄՀՀ-ներ է տեղակայել նաև Կալինինգրադում՝ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի հետ սահմանին։
ԱՄՆ արձագանքը երկար սպասել չտվեց։ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարեց, որ ԱՄՆ-ն չէր ուզի Ռուսաստանի կողմից կատարվեն այնպիսի քայլեր, որոնք կհանգեցնեն ապակայունացմանը տարածաշրջանում։
Ստեղծված իրավիճակի շուրջ իրենց անհանգստությունը հայտնեցին նաև Լատվիան և Լիտվան։ Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլյակասը որակեց դա որպես անհանգստացնող լուր, իսկ նախագահի խորհրդական Դալի Գրիբաուսկայտեն հայտարարեց, որ Ռուսաստանի ձեռնարկած քայլերը չեն համապատասխանում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ համագործակցության վերաբերյալ հռչակագրերին։
Լիտվական LRT ռադիոկայանին երեքշաբթի տված հարցազրույցի ժամանակ Լիտվայի վարչապետ Ակգիրդաս Բուտկյավիչյուսը հայտնել է, որ տեղյակ է Բալթյան երկրների սահմանին տեղակայված ռազմական լրացուցիչ տեխնիկայի մասին։ Բայց ռազմական այդ միավորները անընդմեջ տեղափոխվում են մի կետից մյուսը և վտանգ չեն ներկայացնում Լիտվայի և Լատվիայի համար։ Բուտկյավիչյուսը նաև հավելել է, որ իրականությունն այն չէ, ինչ փորձում են ներկայացնել։
Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա վերջինիս ՊՆ-ն հաստատում է Իսկանդեր-Մ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների տեղակայումը Արևմտյան ռազմական շրջանում։ Ռուսական կողմը նաև նշում է, որ Իսկանդերների տեղակայումը երկրի արևմտյան սահմաններին որևէ կերպ չի հակասում միջազգային պայմանագրերին և համաձայնագրերին։
Իսկանդեր ՕՄՀՀ-ն թողարկվում է երկու մոդիֆիկացիայով. Իսկանդեր-Մ և Իսկանդեր-Է։ Վերջինս նախատեսված է արտահանման համար։ Համալիրը նախատեսված է հակառակորդի փոքրածավալ զորամիավորումների ոչնչացման համար։ Այն բացազատվում է 30 րոպեում։ Թիրախի խոցման նվազագույն հեռավորությունը կազմում է 50 կմ, իսկ առավելագույնը՝ 500 կմ (Իսկանդեր Է-ի համար այս ցուցանիշը կազմում է 280կմ)։
Pingback: Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանում Իսկանդեր-Մ հրթիռների կիրառմամբ զորավարժություն է նախատեսվում | Ռազմ.info
Pingback: Ամփոփվել են Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի 2015-ի աշխատանքները | Ռազմ.info