[Լրացված] ՀԱՊԿ երկրները կողմ են միջազգային հակաահաբեկչական համընդգրկուն կոալիցիայի ստեղծմանը

Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների նախագահների մասնակցությամբ անցկացված խորհրդի լիագումար նիստում հավանություն է տրվել համընդհանուր հակահաբեկչական կոալիցիայի կազմավորմանը` անկախ քաղաքական հակասություններից: Այս մասին, ՀՀ նախագահի կայքի փոխանցմամբ`  նիստի ավարտից հետո հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նախագահում էր նիստը:

ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները` կառույցի լիագումար նստաշրջանին. Մոսկվա, 21.12.2015 թ.

ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները` կառույցի լիագումար նստաշրջանին. Մոսկվա, 21.12.2015 թ.

ՀՀ նախագահը նշել է, որ ՀԱՊԿ ադամ երկրների նախագահները հանդես են եկել ՄԱԿ կանոնադրության դրույթների, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա համընդգրկուն կոալիցիա ձևավորելու օգտին: Ինչպես նաև նշվել է, որ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարը չի կարող տարվել առանց դրա ֆինանսավորման աղբյուրների կանխման, ֆինանսական սնուցման ուղիների արգելափակման:

Լրացում. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթում անդրադարձել է նաև Ադրբեջանի ոտնձգություններին և այդ համատեքստում ՀԱՊԿ անդամ պետությունների պարտավորություններին.

«Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը։

Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է կոնֆլիկտի սրացմանը, ցավոք, Դուշանբեի նստաշրջանից հետո իրավիճակը ոչ միայն չի կայունացել, այլև ավելի լարված բնույթ է ստացել ։ Ադրբեջանական կողմը չի սահմանափակվում ծանր հրետանու կիրառմամբ, այդ թվում՝ թուրքական արտադրության։ Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը 1994թ․ հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր առաջին անգամ անցան տանկային ռմբակոծության, ինչը լարվածությունը բարձրացնում է նոր և շատ վտանգավոր մակարդակի։

Հաշվի առնելով տարածաշրջանում վերջին շրջանում ձևավորված լարված մթնոլորտը՝ պետք չէ բացառել, որ այդ քայլին Ադրբեջանը գնացել է դրսի կողմի հուշումով կամ աջակցությամբ»:

Հայաստանյան News.am լրատվակայքի փոխանցմամբ` նիստի ավարտից հետո ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ նիստի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության, ինչպես նաև շփման գոտում իրավիճակի հարցը:

Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն ոտնձգություն է նաև ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների նկատմամբ, ինչը ՀԱՊԿ-ի կանոնակարգի կարևոր կետերից մեկն է:

Հայաստանի նախագահը բոլորին կոչ է արել ավելի ուշադիր լինել նման իրավիճակներում` նշելով որ  փոխադարձ աջակցությունը պիտի լիարժեք իրականացվի: Եվ երբ աջակցություն չի լինում, ստացվում է, որ հարվածի տակ է դրվում ՀԱՊԿ-ի արդյունավետությունը և ճշմարտացիությունը:

Նիստին ՀԱՊԿ երկրների նախագահները քննարկել են նաև կառույցի անդամ պետությունների ռազմական համագործակցության խորացմանը, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) մարտունակության բարձրացմանը, կառույցի հակահաբեկչական բաղադրիչի ընդլայնմանը վերաբերող հարցեր:

ՀԱՊԿ ՕԱՀՈւ զինծառայողները ձերբակալում են պայմանական հակառակորդի զինված խմբավորմանը «Փոխգործակցություն-2015» զորավարժության ժամանակ

ՀԱՊԿ ՕԱՀՈւ զինծառայողները ձերբակալում են պայմանական հակառակորդի զինված խմբավորմանը «Փոխգործակցություն-2015» զորավարժության ժամանակ

Նիստում քննարկվել է նաև Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին մասնակցած և թուրքական զինված ուժերի կողմից կործանված ռուսական Սու-24Մ ռմբակոծիչի խոցման միջադեպը:

Այս առիթով ՀՀ նախագահը նշել է, որ Թուրքիայի տվյալ քայլը որևէ կերպ չի նպաստում միջազգային ջանքերի համախմբմանը՝ ուղղված ահաբեկչության դեմ պայքարին, Սիրիայում իրավիճակի կարգավորմանը և տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը:

Կառույցի անդամ երկրներն իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնել միջադեպի կապակցությամբ Ռուսաստանի որդեգրած դիրքորոշմանը:

ՀՀ նախագահի փոխանցմամբ` նիստի ընթացքում կողմերը քննարկել են նաև 2015-ի սեպտեմբերին Դուշանբեի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցերը, անդրադարձել սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ուղղությամբ միջոցառումների ծրագրին և Կազմակերպությունում ՀՀ նախագահության շրջանում առաջարկված առաջնահերթություններին,  որոնց իրականացման ընթացքը կքննարկվի 2016 թվականին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանի շրջանակներում:

Բացի այդ,  որոշվել է կազմակերպության գործող Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչև 2017թ․ հունվարի 1-ը։

Նիստի արդյունքում կողմերը որոշել են նաև հանձնարարել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդին և Պաշտպանության նախարարների խորհրդին՝ Գլխավոր քարտուղարի հետ համատեղ նախապատրաստել և Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացնել առաջարկներ` Քարտուղարությունում քվոտային պաշտոնների բաշխման, ինչպես նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբում քվոտային պաշտոնների կառուցվածքի և բաշխման շուրջ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ՀԱՊԿ հավաքական անվտանգության լիագումար նստաշրջանի նիստին. 21.12.2015 թ., Մոսկվա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ՀԱՊԿ հավաքական անվտանգության լիագումար նստաշրջանի նիստին. 21.12.2015 թ., Մոսկվա

Ավելացնենք, որ ՀՀ արտգործնախարարության` առավել վաղ տրամադրած տեղեկության համաձայն`դեկտեմբերի 21-ին ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացել է կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը։

Նախարարներն անդրադարձել են ՀԱՊԿ 2015-ի  սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին,  համաձայնություն են տվել Հավաքական անվտանգության խորհրդի՝ միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ հայտարարության նախագծին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի մասնակիցներին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։ Հանդիպման օրակարգում էին ՀԱՊԿ մշտական գործող մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիային առնչվող հարցեր։

One response to “[Լրացված] ՀԱՊԿ երկրները կողմ են միջազգային հակաահաբեկչական համընդգրկուն կոալիցիայի ստեղծմանը

  1. Pingback: Բելառուսը երբեք չի կռվելու իր տարածքից դուրս. Լուկաշենկո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *