Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում թալիբ զինյալը պայթեցրել է իրեն. ՆԱՏՕ-ի 6 զինծառայող զոհվել է

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում պարեկություն անելու ժամանակ «Թալիբան» ահաբեկչական խմբավորման մահապարտը պայթեցրել է իրեն բազայի մոտ, ինչի հետևանքով առաքելություն իրականացնող 6 զինծառայող զոհվել է, ևս 6-ը վիրավոր է։

Այս մասին հայտնում է ԱՄՆ զինված ուժերի Stars and Stripes պաշտոնաթերթի կայքը։

«Թալիբան» խմբավորման մամուլի քարտուղարն արդեն հայտարարել է, որ խմբավորումը պատասխանատվությունն իր վրա է վերցնում՝ նշելով, որ իրականում սպանվել է ԱՄՆ բանակի 19 զինծառայող, ևս մի քանիսը վիրավոր են։ Միջազգային շատ այլ լրատվամիջոցներ էլ հայտնում են, որ Բահրամում զոհվել է 5 զինծառայող, ոչ թե՝ 6։

Ամերիկյան բանակի պաշտոնաթերթի կայքը հայտնել է նաև, որ 6 վիրավորներից 3-ը ԱՄՆ բանակի զինծառայող է, իսկ մյուս 3-ը՝ աֆղանստանցի ոստիկաններ։
ՆԱՏՕ-ն պաշտոնապես հաստատել է կատարվածը, սակայն չի հրապարակել զոհերի և վիրավորների անձնական տվյալները, այդ թվում՝ ազգությունը։

Հարկ է նշել, որ Բահրամում ամերիկյան զորախմբի կազմում ծառայում են Վրաստանի ԶՈւ զինծառայողները։

Ընդամենն ամիսներ առաջ՝ սեպտեմբերի 22-ին, նույն ռազմաբազայում թալիբների հարձակման հետևանքով զոհվել էր Վրաստանի ԶՈւ 4-րդ մեխանիզացված բրիգադի 43-րդ գումարտակի շարքային, 21-ամյա Վասիլ Կղուլջանիշվիլին, նույն գումարտակի սերժանտ Պաատա Ռոստոբայան էլ վիրավորվել էր։ Վերջինս այժմ բուժման փուլում է Գերմանիայում։

Հավելենք նաև, որ այս պահի դրությամբ կատարվածի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հաղորդել նաև Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Նշենք նաև, որ սեպտեմբերի դեպքից հետո Guardian լրատվակայքը՝ հղում անելով Associated press միջազգային լրատվական գործակալությանը, հայտնել էր, որ Աֆղանստանում սա ՆԱՏՕ-ի 7-րդ կորուստն է 2015-ին։ Այսպիսով՝ 2015 թվականին ՆԱՏՕ-ն Աֆղանստանում կորցրել է 13 զինծառայող։

One response to “Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում թալիբ զինյալը պայթեցրել է իրեն. ՆԱՏՕ-ի 6 զինծառայող զոհվել է

  1. Pingback: Վրաստանցի զինծառայողները չեն տուժել Աֆղանստանի Բահրամ ավիաբազայում պայթունի հետևանքով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *