Այսօր՝ մարտի 30-ին, Մինսկում ԱՄՆ պաշտպանության նախարարի խորհրդականի տեղակալի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեկսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի կռվելու իր տարածքից դուրս: Լուկաշենկոյի խոսքը ներկայացված է Բելառուսի պետական լրատվական գործակալության տեսանյութում (ստորև):
«Մենք նույնպես չենք թաքցնում ՀԱՊԿ-ում մեր դիրքորոշումը, այն շատ պարզ է՝ մենք երբեք չենք կռվելու ուրիշի տարածքում՝ այն պատճառով, որ մենք կառուցում ենք պաշտպանական դոկտրին …
Եթե որևէ մեկը կփորձի մեզ հետ կռվել, մենք իհարկե կպաշտպանվենք և կկատարենք մեր դաշնակցային պարտականությունները Ռուսաստանի հետ, բայց միայն երկրագնդի այս մասում՝ արևմտյան ուղղությունում՝ Բելառուսում: Մենք այլ հետաքրքրություններ չունենք», — հայտարարել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոյի խոսքն ուշագրավ է նրանով, որ Բելառուսը՝ որպես ՀԱՊԿ անդամ, պարտավոր է օգնություն (այդ թվում ռազմական օգնություն) ցուցաբերել ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին, այդ թվում և Հայաստանին, եթե նման խնդրանք լինի: Սա ամրագրված է ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրով:
Պայմանագրի 4-րդ հոդվածում մասնավորապես ասվում է. «Եթե անդամ պետություններից մեկը ագրեսիայի է ենթարկվում որևէ երկրի կամ երկրների խմբի կողմից, ապա դա ընդունվում է որպես ագրեսիա Պայմանագրի բոլոր անդամ պետությունների հանդեպ:
Անդամ պետություններից յուրաքանչյուրի դեմ ագրեսիայի իրականացման դեպքում մյուս բոլոր անդամ պետությունները ցուցաբերում են նրան անհրաժեշտ օգնություն, ներառյալ ռազմական, ինչպես նաև ցուցաբերելու են աջակցություն իրենց տրամադրության տակ եղած միջոցներով՝ ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն հավաքական անվտանգության իրավունքի իրացման կարգով…»:
ՀԱՊԿ անդամ պետությունների այս պարտավորությունը թեև երբեք իրականացնելու առիթ չի եղել, սակայն այս պարտավորությունից խուսափելու դեպքեր եղել են նաև նախկինում:
Մասնավորապես 2015-ի դեկտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստում ՀՀ նախագահը քննադատել է կազմակերպության անդամներին հենց նման անգործողության համար:
«Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։
Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը», — նշել է ՀՀ նախագահը։
Սրան նախորդել է ՀԱՊԿ անդամ պետությունների կրավորական, չեզոք կեցվածքը Հայաստանի սահմաններին Ադրբեջանի զինված ուժերի ոտնձգությունների նկատմամբ:
Ստորև՝ Բելառուսի նախագահի խոսքը ներկայացնող տեսանյութը.