Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Ստամբուլում Թուրքիայի պաշտպանության նախարարներ Իսմեթ Յըլմազը երկկողմ հանդիպումներ է ունեցել ադբեջանցի ու վրաստանցի գործընկերներ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ու Թինա Խիդաշելիի հետ, որից հետո կայացել է եռակողմ հանդիպում։
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Իսմեթ Յըլմազի ու Զաքիր Հասանովի հանդիպման ժամանակ հատկապես ընդգծվել է դեկտեմբերի 14-15-ին Բաքվում կայացած Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմական երկխոսության 8-րդ հանդիպման ամփոփիչ նիստի ժամանակ ստորագրված արձանագրության նշանակությունը։
Կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական ու ռազմական կրթության ոլորտներում համագործակցության, ինչպես նաև համատեղ զորավարժությունների անցկացման հեռանկարները։
Թուրքական պետական «Անադոլու» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումն անցել է փակ դռների հետևում։ Ինչպես հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Խիդաշելին հայտարարել է, որ հանդիպման ժամանակ որոշվել է, որ Վրաստանի և Թուրքիայի ՊՆ-ները սկսելու են աշխատել համատեղ զորավարժությունների անցկացման և կրթական ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ եռակողմ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ կողմերը «կարևորել են Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական համագործակցությունը՝ տարածաշրջանային կայունության ու անվտանգության տեսանկյունից»։ Իսկ Յըլմազը հավելել է, որ անվտանգության ոլորտում ստորագրվելու է եռակողմ համատեղ հռչակագիր։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 13 – 19 դեկտեմբեր, 2015 | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանի նախագահն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին | Ռազմ.info