Թուրքիայի արևելքում քրդերի դեմ պայքարում է շուրջ 10 հազար զինվորական` 14 գեներալի գլխավորությամբ

Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր, Մարդին և Շրնաք նահանգներում շարունակվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մարտիկների հետ բախումները, որոնց  ներգրավված են Թուրքիայի ԶՈւ 10 հազար զինծառայողներ` 14 գեներալի գլխավորությամբ, ինչպես նաև մի քանի հազար ոստիկաններ, որոնց մասին հստակ տվյալներ չեն հրապարակվում: Այս մասին հայտնում է թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալությունը:

Դիարբեքիրի Սուր և Յենիշեհիր գավառներում ուժայինները հատուկ գործողություններ են ձեռնարկել PKK-ի դեմ։

Դիարբեքիրի Սուր և Յենիշեհիր գավառներում ուժայինները հատուկ գործողություններ են ձեռնարկել PKK-ի դեմ։

Բախումները շարունակվում են հատկապես Դիարբեքիր նահանգի Սուր, Մարդինի` Նուսայբին և Դարգեչիթ, ինչպես նաև Շրնաք նահանգի Սիլոփի և Ջիզրե գավառներում: Այդ 5 գավառներում թուրքական ստորաբաժանումների գործողությունները ղեկավարում են երկրի ԶՈւ 3 գեներալ-գնդապետ, 3 գեներալ-լեյտենանտ, 8 գեներալ-մայոր, ինչպես նաև 26 գնդապետներ: Նախատեսվում է առկա ուժերը համալրել ևս 5 հազար զինծառայողով, որոնց մեջ գերակշռելու են հրետանավորները և հատուկ նշանակության ուժերը:

Հավելենք, որ ամենայն հավանականությամբ, զինված ուժերի զինծառայողների մեջ ներառված են նաև ժանդարմերիայի զինծառայողները, որոնք պատերազմական իրադրության պայմաններում ենթարկվում են զինված ուժերին, ինչպես նաև ժանդարմերիայի զինծառայողների վերաբերյալ թվական տվյալները ևս հրապարակում է ԶՈւ գլխավոր շտաբը:

Նշված գավառներում փողոց դուրս գալու արգելք է սահմանված, ինչը երբեմն հարուցում է նաև բնակչության զայրույթը` բերելով ուժայինների և բնակիչների բախումներին: PKK-ի դեմ պայքարում թուրքական զինուժը ներգրավել է նաև կործանիչներ և հարվածային ուղղաթիռներ, 24 տանկ, 10 հաուբից, 85 «Քիրփի» զրահամեքենա, ինչպես նաև այլ զրահապատ մեքենաներ:

Զինված ուժերի ստորաբաժանումներից բացի, քրդերի դեմ գործողություններում ներգրավված են նաև թուրքական ոստիկանության հատուկ նշանակության և ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների մարտիկներ, որոնց թվաքանակի վերաբերյալ հստակ տվյալներ չեն տրամադրվում` նշելով միայն, որ վերջիններս «մի քանի հազար են»:

Դիարբեքիրի Սուր գավառում արդեն 16 օր է, ինչ փողոց դուրս գալու արգելք է սահմանվել, և շարունակվում են թուրքական ուժայինների ու PKK-ի զինյալների բախումները: Այդ ընթացքում Սուր գավառում, ինչպես նաև գավառին հարակից շրջաններում սպանվել է 30 քուրդ զինյալ, ինչպես նաև 5 թուրք ոստիկան, վիրավորվել` 22-ը:

Իհլաս» լրատվական գործակալության ներկայացված տվյալներում նշվում է սպանված 2 և վիրավորված 17 ուժայինների մասին, սակայն երեկ Դիարբեքիրում սպանվել էր 3, վիրավորվել` ևս 3 զինծառայող, իսկ այսօր` դեկտեմբերի 17-ին, թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ` վիրավորվել է ևս 2 ոստիկան: Բացի այդ, քրդական աղբյուրները նշում են, որ սպանվածների մի մասը խաղաղ բնակիչներ են, այնպես որ թուրքական լրատվամիջոցների ներկայացրած տվյալները կարող են նաև թերի լինել։

Տեսանյութում ներկայացվում է Սուր գավառի կենտրոնական քաղաքում երեկ` դեկտեմբերի 16-ին, տիրող իրավիճակը:

Երեկ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 14-ից սկսած թուրքական ոստիկանությունը և ժանդարմերիան սկսել են մեծ ուժեր կենտրոնացնել հատկապես Շրնաք նահանգի Ջիզրե և Սիլոփի գավառներում` տեղակայելով նաև տանկեր:

Թուրքիայի ԶՈւ տանկ Սիլոփիում

Թուրքիայի ԶՈւ տանկ Սիլոփիում