Ռազմաշաբաթ. Թուրքիա. 13 – 19 դեկտեմբեր, 2015

Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները • Մեկնարկել են Թուրքիայի ԶՈւ դեկտեմբերյան զորավարժությունները • Իրաքի թուրքական ստորաբաժանումներ մի մասը տեղափոխվել է ավելի հյուսիս, ավելի ուշ որոշվել է դրանք դուրս բերել Մոսուլից • ԱՄՆ պաշտպանության նախարարն այցելել է Թուրքիա • ԱՄՆ-ն դուրս է բերել Թուրքիայում տեղակայած F-15C կործանիչները • ՆԱՏՕ-ն կօժանդակի Թուրքիայի սահմանների անվտանգության ապահովմանը • Իսպանական Patriot-ները առնվազն մեկ տարի ևս կմնան Թուրքիայում • Թուրքական ձկնորսանավի նավապետը հերքել է ՌԴ պահակային նավի` նախազգուշացնող կրակ արձակելու լուրը • Թուրքիայի ԶՈւ-ն իր անձնակազմին արգելել է Ռուսաստան մեկնել • Թուրքիան ռազմաբազա է հիմնելու Քաթարում • Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ստեղծվել է ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիա, անդամակցում է նաև Թուրքիան • Թուրքիան ստացել է 3-րդ A400M բեռնատար ինքնաթիռը • Թուրքիայում սկսել է գործել ռազմական օդաչուների վերապատրաստման միջազգային կենտրոնը • Թուրքիայի զինված ուժերը կստանան ևս 15 հազար ինքնաձիգ • Թուրքական 2 ընկերություն մտել է 100 ամենախոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկ • Թուրքիայում հիմնվելու է ՆԳՆ-ին ենթակա սահմանապահ ծառայություն • Թուրքիան հարավարևելյան քրդաբնակ 5 գավառում կենտրոնացրել ե 10 հազար զինվորական • Թուրք-քրդական շարունակվող բախումներում երկու կողմերից էլ բազմաթիվ զոհեր ու վիրավորներ կան

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները

• Դեկտեմբերի 17-ին Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի նախարարները քննարկել են երկրների ռազմական կառույցների համագործակցության խնդիրները, տարածաշրջանային խնդիրներ:

• Դեկտեմբերի 9-ին թուրքական ռազմանավերը ՆԱՏՕ-ի մշտական ռազմածովային 1-ին խմբի կազմում վարժանքներ են անցկացրել Միջերկրականի արևելյան հատվածում, դեկտեմբերի 4-ին հատուկ նշանակության ստորաբաժանումները փորձարկել են բնակելի վայրերում մարտի վարման կանոնները, նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը ծանր հրազենային զորատեսակների վարժանքներ են անցկացվել Անկարայի մոտակայքում:

Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերի 28-րդ մեխանիզացված հետևեկային բրիգադի ստորաբաժանումները Անկարայի մոտակայքում

Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերի 28-րդ մեխանիզացված հետևեկային բրիգադի ստորաբաժանումները Անկարայի մոտակայքում

• Թուրքիայի ԶՈւ` Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում տեղակայված ստորաբաժանման մի մասը հետ է քաշվել Իրաքի հյուսիս: Սակայն այս քայլից հետո էլ Իրաքի կառավարությունը պահանջել է, որպեսզի Թուրքիան իր զորքրեն ամբողջությամբ դուրս բերի,, այդ հարցով դիմելով նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին: Միևնույն ժամանակ ԱՄՆ փոխնախագահը Թուրքիային կոչ է արել դուրս բերել զորքերն Իրաքից: Այս հարցում ԱՄՆ դիրքորոշումն ամենաբարձր մակարդակով դեկտեմբերի 19-ին Թուրքիայի նախագահի հետ զրույցում վերահաստատել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ավելի ուշ՝ դեկտեմբերի 19-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Թուրքիան շարունակելու է ամբողջությամբ դուրս բերել Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում տեղակայած ստորաբաժանումները:

• Դեկտեմբերի 15-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերն այցելել էր Թուրքիա, շրջել «Ինջիրլիք» ռազմաբազայում: Այցից հետո վերջինս հայտարարել էր, որ Թուրքիան պետք է մեծացնի իր դերը «Իսլամական պետություն« ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

• Դեկտեմբերի 16-ին ԱՄՆ-ն դուրս է բերել Թուրքիայում տեղակայած 12 միավոր F-15C կործանիչները, որոնք ընդամենը մեկ ամիս առաջ էին տեղակայվել՝ այդ երկրի օդային սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով: Ընդամենը 3 օր անց ՆԱՏՕ-ն հաստատել էր Թուրքիային «ՀՕՊ օգնության» փաթեթը, ինչը մասնավորապես ենթադրում է Սիրիայի հետ օդային սահմանների պաշտպանության հարցում այդ երկրին տրամադրել վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգեր (AEWAC): Միչ այդ էլ՝ դեկտեմբերի 15-ին, Իսպանիան հայտարարել էր իր Patriot ՀՕՊ համակարգերը առնվազն մեկ տարի ևս Թուրքիայում պահելու որոշման մասին:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15C կործանիչն «Ինջիրլիք» ռազմաբազայում

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15C կործանիչն «Ինջիրլիք» ռազմաբազայում

• Դեկտեմբերի 14-ին թուրքական ձկնորսական նավի նավապետը հերքել է ՌԴ պաշտպանության նախարարության լուրն այն մասին, որ դեկտեմբերի 13-ին, թուրքական նավի հետ բախումից խուսափելու համար իրենց պարեկանավից նախազգուշացնող կրակ է արձակվել ձկնորսանավի ուղղությամբ` անվտանգ տարածությունից:

• Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբն իր ենթակայության տակ գտնվող զինծառայողներին արգելել է արձակուրդը Ռուսաստանի տարածքում անցկացնել:

• Դեկտեմբերի 16-ին Քաթարում Թուրքիայի դեսպանը հայտնել էր, որ Թուրքիան նախատեսում է ռազմաբազա հիմնել Քաթարում` տեղակայելով 3000 զինծառայողներ, ռազմաօդային, ինչպես նաև ռազմածովային ուժեր, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա:

• Դեկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ 34 մուսուլմանական երկրներ ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով կոալիցիա են ստեղծել: Թուրքիան հաստատել էր իր մասնակցությունը կոալիցիայի գործողություններին:

• Եվրոպական Airbus Space & Defense ընկերությունը Թուրքիային տրամադրել է պայմանագրով նախատեսված 10 A400M բեռնատար ինքնաթիռներից երրորդը, որը պետք է Թուրքիային հանձնվեր դեռևս 2015-ի մայիսին:

A400M. Թուրքիայի ԶՈւ

A400M. Թուրքիայի ԶՈւ

• Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի 2-րդ ավիաբազայում (Իզմիր) տեղակայված «ՌՕՈւ մասնագետների վերապատրաստման միջազգային կենտրոնում» (MMFCT-С) արդեն վերապատրաստվում են Պակիստանի և Հվ. Կորեայի ռազմական օդաչուները, մոտ ապագայում կենտրոնը կընդունի նաև Թուրքիայի գործընկեր այլ պետությունների օդաչուներին, այդ թվում նաև՝ Ադրբեջանի ՌՕՈւ օդաչուներին:

• Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությւան գլխավոր վաչությունը (ՊԱԳՎ) Kalekalıp ռազմարդյունաբերական ընկերության հետ դեկտեմբերի 15-ին ստորագրել է Թուրքիայի զինված ուժերի համար MPT-76 «Մեհմեթչիք-2» ինքնաձիգների սերիական արտադրության շուրջ 20,5 մլն ամերիկյան արժողությամբ պայմանագիր, որով նախատեսվում է Թուրքիայի զինված ուժերին հանձնել ևս 15 հազար միավոր տեղական արտադրության ինքնաձիգ՝ դրանց թիվը հասցնելով 35 հազարի:

MPT 76 «Մեհմեթչիք-2» ինքնաձիգը

MPT 76 «Մեհմեթչիք-2» ինքնաձիգը

• Համաձայն SIPRI-ի զեկույցի` 2014-ին թուրքական երկու ընկերություն տեղ են գտել աշխարհի` 100 ամենաշատ ռազմական արտադրանք վաճառած ռազմարդյունաբերական ընկերությունների ցուցակում: Նշվում է, որ թուրքական ռազմարդյունաբերությունը շարունակում է բարելավել վաճառքի ցուցանիշները միջազգային զենքի շուկայում:

• Թուրքիայում հիմնվելու է ՆԳՆ-ին ենթակա սահմանապահ ծառայություն: Թուրքիայի սահմանները ներկայումս պահպանում են տարբեր մարմիններ, որոնց գործունեությունը պետք է համակարգվի մեկ հզոր կառույցի կողմից: Ըստ նրա՝ փոփոխություններն ուղղված են Թուրքիայի՝ Եվրոպական Միությանն (ԵՄ) անդամագրվելու գործընթացի արագացմանը, այդ գործընթացով նախատեսված փաթեթների իրականացմանը: Նախատեսվում է Թուրքիայի սահմանների պաշտպանությամբ զբաղվող բոլոր ռազմական մարմինների նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն սահմանել:

• Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր, Մարդին և Շրնաք նահանգներում շարունակվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մարտիկների հետ բախումները, որոնց ներգրավված են Թուրքիայի ԶՈւ 10 հազար զինծառայողներ` 14 գեներալի գլխավորությամբ, ինչպես նաև մի քանի հազար ոստիկաններ, որոնց մասին հստակ տվյալներ չեն հրապարակվում: Բախումներում թուրքական զինուժը ներգրավել է նաև տանկեր և այլ զրահատեխնիկա: Թուրքական ոստիկանության և ժանդարմերիայի հատուկջոկատայինները նախ ինքնաթիռով տեղափոխվել են Շրնաք քաղաքի օդանավակայան, ապա զրահամեքենաներով ուղարկվել այդ նահանգի Սիլոփի և Ջիզրե գավառներ:

Դիարբեքիրի Սուր և Յենիշեհիր գավառներում ուժայինները հատուկ գործողություններ են ձեռնարկել PKK-ի դեմ։

Դիարբեքիրի Սուր և Յենիշեհիր գավառներում ուժայինները հատուկ գործողություններ են ձեռնարկել PKK-ի դեմ։

Դիրաբեքիրում շարունակվող բախումների հետևանքով թուրքական ուժայինները և քուրդ զինյալները շարունակում են զոհեր և վիրավորներ տալ: Թուրքական աղբյուրների համաձայն՝ դեկտեմբերի 15-ից 18-ը Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե և Սիլոփի գավառներում սպանվել է PKK-ի 55 զինյալ, որոնցից 49-ը միայն Ջիզրե գավառում: Թուրքական ուժայինները բախումներում նույն ժամանակահատվածում տվել են 19 վիրավոր:

• Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները «Կատյուշա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից (ՀԿՌՀ) հրթիռակոծել են Իրաքի Մոսուլ քաղաքի մոտ տեղակայված Բեշիքա ռազմական ճամբարը, որտեղ եղել են նաև թուրք զինծառայողներ: Հրիթիռակոծության արդյունքում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 4 զինծառայող:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *