Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են ԱԱՆ՝ պաշտոնից հեռացված ևս 4 գեներալի մասին

Ադրբեջանում շարունակվում է կադրային սպանդը ազգային անվտանգության նախարարությունում։ Զբաղեցրած պշատոններից ազատվել են ԱԱՆ բարձրաստիճան 9 աշխատակիցներ, որոնց թվում են 4 գեներալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հայտնել է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Ադրբեջանի ԱԱՆ վարչական համալիր

Ադրբեջանի ԱԱՆ վարչական համալիր

Հրապարակման մեջ նշվում է, որ զբաղեցրած պաշտոնեերից հեռացվել են.

  • Միջազգային տնտեսական հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Սյուբահիր Գուրբանովը
  • Գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Թարվերդի Մամեդովը
  • Գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Փարվիզ Սաֆարովը
  • ԱԱՆ զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Վուգար Ալլահգուլիևը
  • ԱԱՆ օդանավակայանների վարչության պետ, գնդապետ Փարվիզ Վելիևը
  • Կադրերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Թեհրան Բաբաթովը

Ինչպես նաև Բաքվի 2 վարչական շրջանների ու Մասալինյան շրջանի՝ ԱԱՆ շրջանային ղեկավարները։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 22-ին, ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը կրկին հղում անելով սեփական աղբյուրներին նշել էր ԱԱՆ ձերբակալված 7 աշխատակիցների անուններն ու պաշտոնները, որոնց ձերբակալության մասին դրա նախօրեին հայտնել էր գլխավոր դատախազությունը։

Գործակալության տվյալներով, ձերբակալվածների թվում են

  • ԱԱՆ մոնիթորինգային կենտրոնի պետ, գեներալ-մայոր Թեյմուր Գուլիևը
  • ԱԱՆ հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի տեղակալ Իլգար Ալիևը
  • Միջազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Ֆիզուլի Ալիևը

Ինչպես նաև մոնիթորինգային կենտրոնի աշխատակիցներ  Ֆարհադ Աթաևը, Անար Շիրալիևը, Էշգին Ալիևը և Էլշադ Ազիզովը։

Վերոնշյալ անձանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։ Խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԱՆ համակարգում ճգնաժամը սկիզբ առավ հոկտեմբերի 17-ից, երբ երկրի նախագահի հրամանով պաշտոնից ազատվեց գերատեսչության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլդար Մահմուդովը։

Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց հերթին նշում են, որ Էլդար Մահմուդովի պաշտոնանկությունը և դրան հաջորդած ստուգումները, որոնք իրականացնում են գլխավոր դատախազությունն ու պետական պահպանության հատուկ ծառայությունը, պայմանավորված են հանցավոր-տնտեսական գործոնով։ Մասնավորապես նշվում է, որ ԱԱՆ մոնիթորինգային կենտրոնը նախկին նախարար Մահմուդովի իմացությամբ և գուցե հանձնարարությամբ գաղտնալսել է միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հեռախոսազանգերը և այդ կերպ «կոմպրոմատներ» հավաքելով, շանտաժի ենթարկել նրանց՝ կորզելով մեծ գումարներ:

Ադրբեջանի նախագահի` հոկտեմբերի 20-ի հրամանով, ազգային անվտանգության նախարարի տեղակալ և նախարարի ժամանկավոր պաշտոնակատար է նշանակվել Մադաթ Գուլիևը, ով մինչ այդ զբաղեցնում էր արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը։ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 22-ի հրամանով, նրան շնորհվել է նաև գեներալ-լեյտենանտի կոչում, ինչն ամենայն հավանականությամբ նշանակում է, որ Ալիևը հենց նրան է պատրաստվում վստահել ազգային անվտանգության նախարարի պաշտոնը։

Հիմնական նշանակումը, հավանաբար, կլինի նոյեմբերի 1-ից հետո, երբ Ադրբեջանում անցկացվեն խորհրդարանական ընտրությունները։

One response to “Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են ԱԱՆ՝ պաշտոնից հեռացված ևս 4 գեներալի մասին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 18–24 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *