Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հրապարակել է ազգային անվտանգության նախարարության 7 աշխատակիցների անունները, որոնք ձերբակալվել էին օրերս՝ այդ երկրի գլխավոր դատախազության և պետական պահպանության հատուկ ծառայության իրականացրած համատեղ գործողության արդյունքում։
Աղբյուրը նշում է, որ ձերբակալվածներն են.
- ԱԱՆ մոնիթորինգային կենտրոնի պետ, գեներալ-մայոր Թեյմուր Գուլիևը
- ԱԱՆ հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի տեղակալ Իլգար Ալիևը
- Մմիջազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Ֆիզուլի Ալիևը
Ինչպես նաև մոնիթորինգային կենտրոնի աշխատակիցներ Ֆարհադ Աթաևը, Անար Շիրալիևը, Էշգին Ալիևը և Էլշադ Ազիզովը։
Վերոնշյալ բոլոր անձանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։ Խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԱՆ համակարգում ճգնաժամը սկիզբ առավ հոկտեմբերի 17-ից, երբ երկրի նախագահի հրամանով պաշտոնից ազատվեց գերատեսչության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլդար Մահմուդովը։
Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց հերթին նշում են, որ Էլդար Մահմուդովի պաշտոնանկությունը և դրան հաջորդած ստուգումները, որոնք իրականացնում են գլխավոր դատախազությունն ու պետական պահպանության հատուկ ծառայությունը, պայմանավորված են հանցավոր-տնտեսական գործոնով։ Մասնավորապես նշվում է, որ ԱԱՆ մոնիթորինգային կենտրոնը նախկին նախարար Մահմուդովի իմացությամբ և գուցե հանձնարարությամբ գաղտնալսել է միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հեռախոսազանգերը և այդ կերպ «կոմպրոմատներ» հավաքելով, շանտաժի ենթարկել նրանց՝ կորզելով մեծ գումարներ:
Ադրբեջանի նախագահի` հոկտեմբերի 20-ի հրամանով, ազգային անվտանգության նախարարի տեղակալ և նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մադաթ Գուլիևը, ով մինչ այդ զբաղեցնում էր արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը։ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 22-ի հրամանով, նրան շնորհվել է նաև գեներալ-լեյտենանտի կոչում, ինչն ամենայն հավանականությամբ նշանակում է, որ Ալիևը հենց նրան է պատրաստվում վստահել ազգային անվտանգության նախարարի պաշտոնը։
Հիմնական նշանակումը, հավանաբար, կլինի նոյեմբերի 1-ից հետո, երբ Ադրբեջանում անցկացվեն խորհրդարանական ընտրությունները։
Pingback: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են ԱԱՆ՝ պաշտոնից հեռացված ևս 4 գեներալի մասին | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 18–24 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանի ԱԱՆ-ում պաշտոնից հեռացվել է ռազմական հակահետախուզության ղեկավարը | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանում կալանավորվել է ազգային անվտանգության նախարարության ևս մեկ գեներալ | Ռազմ.info