Սիրիայի հարցով հանդիպել են ԱՄՆ, ՌԴ, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Վիեննայում հանդիպել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտգործնախարարները, որպեսզի քննարկեն Սիրիայի քաղաքացիական պատերազմի հանգուցալուծման և հետպատերազմյան քաղաքական կարգավորման հնարավարությունները: Այս մասին տեղեկացնում են Reuters և AFP գործակալությունները:

(Ձախից աջ) Թուրքիայի, Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի արտգործնախարարները՝ Սիրիայի հետպատերազմյան քաղաքական կարգավորման վերաբերյալ բանակցությունների ընթացքում, 23 հոկտեմբերի 2015թ.: Լուսանկարը Reuters գործակալության:

(Ձախից աջ) Թուրքիայի, Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի արտգործնախարարները՝ Սիրիայի հետպատերազմյան քաղաքական կարգավորման վերաբերյալ բանակցությունների ընթացքում, 23 հոկտեմբերի 2015թ.: Լուսանկարը Reuters գործակալության:

Հանդիպման ընթացքում, սակայն, չեն հարթվել Սիրիայի հետպատերազմյան կարգավորման, իշխանությունների փոխանցման և այլ հարցեր, բանակցությունների արդյունքում որևէ համաձայնագիր չի ընդունվել, թեև ԱՄՆ պետքարտուղար (համարժեք է արտգործնախարարին) Ջոն Քերրին հայտարարել է, թե բանակցությունները եղել են արդյունավետ: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան Bloomberg գործակալությունը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններից հետո հայտարարել է, որ քառյակի ձևաչափով քննարկումները բավարար չեն, և Սիրիայի հետագա ճակատագրի վերաբերյալ բանակցություններին մասնակցող պետությունների քանակը պետք է հասցնել մինչև մեկ դյուժինի (12 երկիր՝ ներառյալ արդեն բանակցող քառյակը):

Ըստ Լավրովի՝ բանակցություններին պետք է ներգրավել նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամ պետություններին, ինչպես նաև տարածաշրջանի մյուս պետություններին, մասնավորապես՝ Իրանին և Եգիպտոսին: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Բանակցային այս տարբերակը, ըստ Ռուսաստանի արտգործնախարարի, շարունակվելու է, իսկ մասնակից պետությունները պիտի ստանձնեն Սիրիայում հետպատերազմյան քաղաքական կարգավորման «ուղեկցի» դեր:

Նշենք, որ բանակցություններին մասնակցող և ներգրավվելու հավակնորդ պետություններն այս կամ այն կերպ ներգրավված են Սիրիայի քաղաքացիական պատերազմին և ունեն իրենց շահերն ու հետաքրքրությունները: Նրանց մի մասն օժանդակում է զինյալներին և պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անհապաղ հեռացումն իշխանությունից (ԱՄՆ, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, արաբական այլ երկրներ), մյուս մասն էլ աջակցում է Ասադի իշխանությանը և պայքարում զինյալների դեմ (Ռուսաստան, Իրան):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *