Ադրբեջանի ԱԱ հաջորդ նախարարի ամենահավանական թեկնածուին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ստորագրել է հրամանագիր, որով ազգային անվտանգության նախարարի նորանշանակ տեղակալ և նախարարի պաշտոնակատար Մադաթ Գուլիևին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի ԱԱ նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիև

Ադրբեջանի ԱԱ նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիև

Ադրբեջանի ազգային հերոս Մադաթ Գուլիևը ԱԱ նախարարի պաշտոնակատար էր նշանակվել երեկ՝ հոկտեմբերի 20-ին, մինչ այդ նա զբաղեցնում էր արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԱՆ համակարգում ճգնաժամը սկիզբ առավ հոկտեմբերի 17-ից, երբ երկրի նախագահի հրամանով պաշտոնից ազատվեց գերատեսչության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլդար Մահմուդովը։ Անցնող օրերին պաշտոնական աղբյուրների լռությունը ադրբեջանական էլեկրտոնային լրատվամիջոցներին տվեց ԱԱՆ-ի դեմ սկսված արշավի դրդապատճառների տարաբնույթ վարկածներ առաջ քաշելու առիթ։

Կատարվածի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել միայն գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ ԱԱՆ 7 աշխատակիցների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Լրատվամիջոցները նշում են, որ ձերբակալվածները ԱԱՆ մոնիթորինգային կենտրոնի աշխատակիցներ են (այս կենտրոնն է իրականացնում հեռախոսագծերի գաղտնալսումը-Ռազմինֆո) Պաշտոնաթող նախարարի ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ։

Ադրբեջանի ազգային անվտանգության պաշտոնաթող նախարար Էլդար Մահմուդով

Ադրբեջանի ազգային անվտանգության պաշտոնաթող նախարար Էլդար Մահմուդով

Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց հերթին նշում են, որ Էլդար Մահմուդովի պաշտոնանկությունը և դրան հաջորդած ստուգումները, որոնք իրականացնում են գլխավոր դատախազությունն ու պետական պահպանության հատուկ ծառայությունը, պայմանավորված են հանցավոր-տնտեսական գործոնով։ Մասնավորապես նշվում է, որ ԱԱՆ մոնիթորինգային կենտրոնը նախկին նախարար Մահմուդովի իմացությամբ և գուցե հանձնարարությամբ գաղտնալսել է միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հեռախոսազանգերը և այդ կերպ «կոմպրոմատներ» հավաքելով, շանտաժի ենթարկել նրանց՝ կորզելով մեծ գումարներ։

Շրջանառվում են ծավալվող իրադարձությունների դրդապատճառների այլ վարկածներ ևս, սակայն գերակշռողը հենց վերոնշյալն է։

Հավելենք, որ Մադաթ Գուլիևին ԱԱՆ նախարարի պաշտոնակատարի պաշտոնում նշանակումից և նրա գեներալական կոչումի բարձրացումից կարելի է ենթադրել, որ Իլհամ Ալիևը հենց նրան է պատրաստվում վստահել նախարարի պաշտոնը։ Վերջնական նշանակումը, հավանաբար, կլինի նոյեմբերի 1-ից հետո, երբ Ադրբեջանում անցկացվեն խորհրդարանական ընտրությունները։

4 responses to “Ադրբեջանի ԱԱ հաջորդ նախարարի ամենահավանական թեկնածուին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում

  1. Pingback: Հայտնի են Ադրբեջանի ԱԱՆ ձերբակալված 7 աշխատակիցների անունները | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 18–24 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

  3. Pingback: Ադրբեջանի ԱԱՆ-ում պաշտոնից հեռացվել է ռազմական հակահետախուզության ղեկավարը | Ռազմ.info

  4. Pingback: Ադրբեջանի ԱԱ նախարարի պաշտոնակատարը նշանակվել է գերիների հարցերով հանձնաժողովի նախագահ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *