Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Պատրիկ Վիալին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ՊՆ և ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ խնդիրներն ու օրակարգային հարցերը, նախանշել առաջիկա համատեղ ծրագրերը:
Հանդիպման ժամանակ ԿԽՄԿ պատվիրակները արժևորեցին Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովում ՀՀ պետական կառավարման մարմինների և հատկապես պաշտպանության նախարարության ներդրումը:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ Արցախյան ազատամարտի ժամանակ անհայտ կորածների մտացածին թվաքանակի և զանգվածային հուղարկավորության վայրերի վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների տարածած ապատեղեկատվությունը և հայկական կողմին հասցեագրված անպատասխանատու մեղադրանքները նպատակամիտված են ոչ միայն միջազգային հանրությանը ապակողմնորոշելուն, այլև ադրբեջանական հասարակությունում հակահայկական տրամադրությունները հանցավոր կերպով խորացնելուն:
Հանդիպումը եզրափակելիս Սեյրան Օհանյանը ԿԽՄԿ ներկայացուցիչներին վստահեցրել է, որ ՀՀ պետական կառավարման պատկան մարմինները պատրաստակամ են սատարել կազմակերպության` մարդասիրական ուղղվածության բոլոր նախաձեռնություններին:
Նշենք, որ նախօրեին ԿԽՄԿ ներկայացուցիչները եղել են նաև Արցախում, որտեղ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ քննարկել են նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրները:
Ավելացնենք, որ դեռևս մեկ տարի առաջ՝ 2014-ի հոկտեմբերին Ֆրանսիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ, կողմերը պայմանավորվել էին փոխանակվել Արցախյան պատերազմի տարիներին անհայտ կորածների մասին տեղեկություններով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով:
Ըստ տարբեր աղբյուրների միջինացված տվյալների, Արցախյան պատերազմից հետո Հայաստանում հաշվվում է շուրջ 200-ից ավելի անհայտ կորած։
2 responses to “Սեյրան Օհանյանն ընդունել է Կարմիր խաչի տարածաշրջանային ղեկավարին”