Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Իրանի ռազմածովային ուժերի կասպյան նավատորմի երեք ռազմանավեր բարեկամական այցով ժամանել են Կասպից ծովի ռուսաստանյան ափ և խարիսխ գցել Աստրախանում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:
Իրանյան բարեկամական նավախմբի կազմում Ռուսաստան են ժամանել «Դամավանդ» էսմինեցը, «Փեյքան» և «Ջուշան» հրթիռային կատերները, որոնց անձնակազմը մի շարք միջոցառումների է մասնակցելու Ռուսաստանում:
Ավելի վաղ, Իրանի կասպյան նավատորմի ներկայացուցիչն իրանական «ԻՐՆԱ» գործակալության հայտնել է, որ ռազմանավերի այցը տևելու է մոտ երկու շաբաթ, իսկ հետ վերադարձին լինելու է նաև Բաքվում: Ընդ որում՝ սա իրանական նավատորմի ռազմանավերի երկրորդ նավարկությունն է դեպի Կասպից ծովի ռուսաստանյան նավահանգիստներ, նախորդ այցը եղել է 2013-ին: Կողմերի հավաստմամբ՝ փոխադարձ այցելությունների նպատակը նավատորմերի միջև բարեկամության հաստատումն է:
Այցի համատեքստում Իրանի ռազմանավերից մեկի հրամանատար Ահմադ Ռեզա Բաղարին «Ֆարսնյուզ» գործակալության հայտնել է, որ իրանական նավատորմը պատրաստ է նաև զորավարժություն անցկացնել ռուսաստանյան ռազմանավերի մասնակցությամբ:
Ավելացնենք, որ օգոստոսին իրենց հերթին նմանատիպ այցով Իրանում են եղել Ռուսաստանի կասպյան նավատորմի ռազմանավերը: Այցելության ընթացքում ռուսաստանյան և իրանյան ռազմանավերն անցկացրել են համատեղ զորավարժություն, որին մասնակցել են 200 իրանցի և 150 ռուսաստանցի զինծառայողներ: Դա ռուսաստանյան ռազմանավերի արդեն երրորդ այցելությունն էր Իրան:
Pingback: Ռուսաստանը և Իրանը զորավարժություններ են անելու Կասպից ծովում | Ռազմ.info
Pingback: Իրանի ռազմանավերը վերադարձել են դեպի Ռուսաստան նավարկությունից | Ռազմ.info