Արցախի ղեկավար Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նորանշանակ ղեկավար Պատրիկ Վիալին և Արցախում ԿԽՄԿ առաքելության նորանշանակ ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում ԿԽՄԿ գործունեությանը և մարդասիրական մի շարք ծրագրերի իրականացմանը:
Երկուստեք նշվել է ԿԽՄԿ-ի և Արցախի համապատասխան մարմինների միջև փոխգործակցության բարձր մակարդակը և արձանագրված դրական դինամիկայի պահպանման կարևորությունը:
Նույն օրը ԿԽՄԿ ներկայացուցիչներին ընդունել է նաև Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը, տեղեկացնում է Արցախի ԱԳՆ կայքը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ԿԽՄԿ ծրագրերին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաև ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ քաղաքացիների ճակատագրին, ընդգծելով նրանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի շարունակական խախտումների անթույլատրելիությունը։
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԿԽՄԿ ներկայացուցիչներին ընդունել է նաև Պաշտպանության բանակի հրամանատար, գենեչալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, հայտնում է ՊԲ կայքը: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են արված աշխատանքների և հետագա համատեղ անելիքների և համագործակցության հեռանկարների շուրջ:
Pingback: Սեյրան Օհանյանն ընդունել է Կարմիր խաչի տարածաշրջանային ղեկավարին | Ռազմ.info