ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին ներկայացրել է այս ոլորտում Հայաստանի մասնակցությունը: Այս մասին նշված է ՀՀ նախագահի կայքում:
Գագաթաժողովում ունեցած ելույթի ժամանակ նախագահ Սարգսյան մասնավորապես նշել է, որ չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը՝ Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական և թե՛ որակական իմաստով:
Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում` կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում: (Հիշեցնենք, որ կուտակած փորձի շնորհիվ Հայաստանը ՀԱՊԿ-ին առաջարկել է խաղաղապահների պատրաստման կազմակերպություն ստեղծել՝ Հայաստանի խաղաղապահների պատրաստման կենտրոնի հիմքի վրա):
2004 թվականից հայ խաղաղապահները սկսել են ծառայություն իրականացրել Կոսովոյում, իսկ հետագայում՝ նաև Իրաքում: 2010 թվականից Հայաստանը մասնակցում է Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերին: 2015-ից սկսած այդ երկրում Հայաստանը մասնակցում է «Վճռական աջակցություն» առաքելությանը և մնալու է այնտեղ մինչև առաքելության ավարտը: (Այդ մասին նշել է նաև ՀՀ պաշտպանության նախարարը 2015թ. հունիսին՝ առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը):
Այժմ Հայաստանը մասնակցում է նաև Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈԻՆԻՖԻԼ առաքելությանը: Այս տարվա հուլիսին մեկնարկել է Հայաստանի մասնակցությունը Մալիում գործող ՄԻՆՈՒՍՄԱ խաղաղապահ առաքելությանը:
Առաջիկա անելիքների մասին խոսելով՝ ՀՀ նախագահը նշել է. «Բոլորովին վերջերս ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մեր ապագա մասնակցության և համապատասխան կարողությունների զարգացման ու տրամադրման առումով մենք ստանձնել ենք նոր հանձնառություններ, որոնք են երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալի և կցագրված անձնակազմի նախապատրաստումը և ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականության ապահովումը»:
Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման և զարգացման պարագայում առանցքային է եղել ԱՄՆ-ի, Հունաստանի, Գերմանիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կառույցների և մյուս անդամ պետությունների դերակատարությունը, ինչի համար նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նշված կառույցներին:
Pingback: Հայաստանը պատրաստելու է 2 մասնագիտացված ստորաբաժանում՝ ՄԱԿ խաղաղապահ առաքելությունների համար | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան․ 27 սեպտեմբերի — 3 հոկտեմբերի | Ռազմ.info
Pingback: ՀՀ ԶՈւ բժշկական ստորաբաժանումը Գերմանիայում կմասնակցի բազմազգ զորավարժության | Ռազմ.info
Pingback: ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ստորաբաժանումը Գերմանիայում մասնակցում է բազմազգ զորավարժության | Ռազմ.info
Pingback: Խաղաղապահության թեմայով ՀՀ պարտավորությունների կատարման ընթացքը ներկայացվել է ՄԱԿ հանդիպմանը | Ռազմ.info