Հայաստանը պատասխան հարվածներ է հասցնում Ադրբեջանին • Ավտովթարի հետևանքով վիրավորվել է ՀՀ ԶՈւ սպա • Հայաստանում անցկացվում է ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը
• Նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի խաղաղապահ գործունեությունը • ՀՀ ԶՈւ զինծառայողները վերապատրաստման ևս 1 փուլ են անցել Վրաստանում • Սեյրան Օհանյանն այցելել է 2-րդ բանակային կորպուսի մարտական դիրքեր և Արցախ • ՀՀ ՊՆ-ում ամփոփել են 2-րդ բանակային կորպուսի գործունեության արդյունքները • Սեյրան Օհանյանն ընդունել է Ռուսաստանի և Ղազախստանի նորանշանակ ռազմական կցորդներին • «Մայքրոսոֆթի» ուսումնական կենտրոնում վերապատրաստվում է ՀՀ ՊՆ տեխնիկական անձնակազմը • ԱԳ նախարարը ՀԱՊԿ գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտումները։
• Սեպտեմբերի 28-ին ՊԲ մամուլի ծառայությունը հերքել է ադրբեջանական կողմի տարածած այն լուրը, թե իրենց զինուժի թիրախային կրակային հարվածներից յոթ հայ զինծառայող է սպանվել, ու հավելել, որ ի պատասխան ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների, ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատժիչ քայլերի, ինչի արդյունքում հակառակորդը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ:
• Սեպտեմբերի 29-ին Դավիթ Տոնոյանը անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին և ուժերի շփման գծում լարվածության աճին, նշել է՝
Տավուշի մարզում գյուղերի հրետակոծման դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք քաղաքացիական զոհեր և 1994թ մայիսից ի վեր առաջին անգամ 122 մմ տրամաչափի հրետանու օգտագործումը, առաջնագծի թիկունքում տեղակայված ենթակառույցի և այնտեղ վարժանք անցկացնող անձնակազմի` ռազմական առումով չհիմնավորված խոցումը, ինչպես արդեն նշել ենք, լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է: Իմ խորին համոզմամբ, նման ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը:
• Սեպտեմբերի 30-ին Արցախի խորհրդարանում Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, նշել է՝
Շարունակվում են մեր կողմից համապատասխան գործողությունները, հակառակորդի իրականացրած ոչ մի գործողություն անպատասխան չի մնալու, դա մենք ապացուցեցինք վերջին օրերին, հետագայում ևս կաշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի իրենք էլ գիտակցեն, որ եթե մեզ վրա կրակում են հեռահար միջոցներով, ապա մենք ոչ մի բանի առջև կանգ չենք առնելու և, հետևաբար, մենք ևս կրակելու ենք հեռահար միջոցներով։ Իրենք կիրառել են Դ-30 համակարգ մինչև 11 կմ խորության վրա, անհրաժեշտության դեպքում մենք նույնպես կկիրառենք Դ-30, պետք լինի նաև 152 մմ տրամաչափի զինատեսակներ էլ կկիրառենք։ Դա մենք չենք թաքցնում։
• Հոկտեմբերի 2-ին ՊԲ մամուլի ծառայությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տարածած այն լուրը, թե ադրբեջանական բանակը հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը «հայկական զորքերի տեղաշարժը կանխելու նպատակով իրականացրել է հատուկ գործողություններ՝ հայկական կողմին պատճառելով 2 զոհ և բազմաթիվ վիրավորներ»:
• Հոկտեմբերի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տարածել մի տեսանյութ, գրելով, որ հայկական կողմն Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծման արդյունքում զոհեր ունի: Ռազմինֆոյի հարցին ի պատասխան, ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը նշեց, որ Պաշտպանության բանակը որևէ կորուստ չի ունեցել:
• Սեպտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը, որին մասնակցում են հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված ՀՀ, Բելառուսի, ՌԴ, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ու ՏԿԱԻՆ ստորաբաժանումները:
• Սեպտեմբերի 30-ին «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հայտարարել է, որ միայն վերջին 15 օրվա ընթացքում ադրբեջանական կողմը մի քանի հազար արկ և ական է օգտագործել, որոնք պայթել են հայկական խաղաղ բնակավայրերում, դիրքերում, թիկունքում՝ առաջնագծից 10 կմ հեռավորության վրա։ «Մենք համարժեք պատասխան ենք տվել։ Նրանք լուրջ կորուստներ ունեն»,- նշել է ԶՈւ ԳՇ պետն ու հավելել, որ Մենք ինքներս էլ կարող ենք զսպել սադրանքները, որոնց ամեն օր դիմում է Ադրբեջանը: Ադրբեջանի սադրանքների, հրադադարի կոպիտ խախտումների հետևանքով հայ-ադրբեջանական հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և այդ կապակցությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ խոսել է նաև Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 26-ին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդին:
• Հոկտեմբերի 1-ին՝ զորավարժության առաջին օրը, մասնակից ստորաբաժանումների և ՀԽՈՒ հրամանատարական կազմի համար պարզաբանվել են խաղաղապահ գործողությունների անցկացման, հակամարտության գոտիներում խաղաղապահ ուժերի ձևավորման և վերախմբավորման, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերի մշակման հարցեր:
• Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում առկա օրակարգային խնդիրներ, ինչպես նաև ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության շրջանում պաշտպանության որորտում առկա անելիքները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին` Նյու Յորքում ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին, ներկայացրել է այս ոլորտում Հայաստանի մասնակցությունը: ՀՀ ՊՆ առաջին տեղեկալ Դավիթ Տոնոյանը, մեկնաբանելով նախագահի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթը, նշել է, որ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունները համակարգող կառույցները դիմել են Հայաստանին՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում պահանջվող մասնագիտացված կարողություններ պատրաստելու և տրամադրելու խնդրանքով:
Սեպտեմբերի 28-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 2-րդ բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում, իսկ սեպտեմբերի 29-ին՝ մեկնել ու Արցախ և հանդիպել Արցախի ղեկավար Բակո Սահակյանին, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր:
Սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի և Ղազախստանի նորանշանակ ռազմական կցորդին, ինչպես նաև ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին ու շնորհավորել վերջինիս՝ ստանձնած նոր պարտականությունների առիթով
ՀՀ Կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Կառավարության անվտանգության ծրագրի վերաբերյալ» պայմանագրի համաձայն սեպտեմբերի 28-ից 30-ը «Մայքրոսոֆթ» ընկերության ուսումնական կենտրոնում վերապատրաստվել է ՀՀ ՊՆ և այլ շահագրգիռ գերատեսչություններից կազմված տեխնիկական անձնակազմը: