Գերմանիայում անցկացվող «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժության ընթացքում հայկական կողմն ապահովել է ՆԱՏՕ-ի չափանիշներով 2-րդ մակարդակի բուժօգնություն, բացազատել ու առաջին անգամ արտերկրում գործարկել է ՀՀ զինված ուժերի ամերիկյան ԻՄԵԴՍ (EMEDS) համակարգի շարժական դաշտային հոսպիտալը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
![ՀՀ ԶՈւ ռազմական բժիշկները Գերմանիայում անցկացվող «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժության ժամանակ](https://razm.info/wp-content/uploads/2016/04/10319-480x320.jpg)
ՀՀ ԶՈւ ռազմական բժիշկները Գերմանիայում անցկացվող «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժության ժամանակ
ԱՄՆ ԶՈւ միացյալ բազմազգ վարժական կենտրոնում (Հոհենֆելս, Գերմանիա) «Միաձուլված սուր-2016» (Saber Junction 16) բազմազգ զորավարժությունը սկսվել է մարտի 29-ին և ավարտվելու է ապրիլի 24-ին:
Զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈւ բժշկական անձնակազմը մարտական գործողությունների հնարավորինս նմանեցված պայմաններում ցուցաբերել է վիրավորների տարհանման, առաջին բուժօգնության տրամադրման, վիրավորների վիճակի կայունացման, վիրահատական միջամտությունների իրականացման և այլ բժշկական անհետաձգելի օգնություն:
Զորավարժության ընթացքին հետևելու նպատակով զորավարժության անցկացման վայր է ժամանել նաև Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոդջեսը, ով նաև հանդիպում է ունեցել հայ զինծառայողների հետ:
Նշված զորավարժությանը մասնակցությունը նպաստելու է ՀՀ ԶՈՒ ԻՄԵԴՍ շարժական դաշտային հոսպիտալի անձնակազմի` մարտական պայմաններում անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման մասնագիտական հմտությունների խորացմանը և բազմազգ միջավայրում փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը:
Նշենք, որ զորավարժությանը մարտի 29-ից մասնակցում է նաև ՀՀ զինված ուժերի 32 հոգանոց բժշկական ստորաբաժանումը: Զորավարժությանը ներգրավված է մոտ 5000 զինծառայող 16 երկրներից (Ալբանիա, Հայաստան, Բոսնիա, Բուլղարիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մակեդոնիա, Մոլդովա, Ռումինիա, Սերբիա, Սլովենիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Լեհաստան):
Ավելացնենք, որ նշված զորավարժությունը, միջազգային առաքելություններին 2-րդ մակարդակի բժշկական հոսպիտալ տրամադրելու վերաբերյալ 2015թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթաժողովի ընթացքում ՀՀ ստանձնած պարտավորությունների իրականացման նախապատրաստական փուլի հիմնաքարարերից մեկն է լինելու:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ ԶՈւ խաղաղապահների առաջիկա ծրագրերը՝ նշելով, որ Հայաստանը ստանձնել է նոր հանձնառություններ, որոնք են երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալի և կցագրված անձնակազմի նախապատրաստումը և ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականության ապահովումը:
Ավելի ուշ ՀՀ ՊՆ առաջին տեղեկալ Դավիթ Տոնոյանը պարզաբանելով նախագահի հայտարարությունը, նշել է, որ ելնելով Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ գործողությունների շուրջ 10-ամյա փորձից՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունները համակարգող կառույցները դիմել են Հայաստանին՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում պահանջվող մասնագիտացված կարողություններ պատրաստելու և տրամադրելու խնդրանքով:
- Հայաստանի և ԱՄՆ ԶՈւ ռազմաբժշկական անձնակազմերը «վիրավորին» տարհանելիս Գերմանիայում անցկացվող «Միաձուլված սուր-2016» զորավարժության ժամանակ
- Հայաստանի և ԱՄՆ ԶՈւ ռազմաբժշկական անձնակազմերի գործողությունները Գերմանիայում անցկացվող զորավարժության ժամանակ
- Հայաստանի և ԱՄՆ ԶՈւ ռազմաբժշկական անձնակազմերի գործողությունները Գերմանիայում անցկացվող զորավարժության ժամանակ
- Հայաստանի և ԱՄՆ ԶՈւ ռազմաբժշկական անձնակազմերի գործողությունները Գերմանիայում անցկացվող զորավարժության ժամանակ
ՀՀ ՊՆ կողմից առաջարկվող առաջին ստորաբաժանումը միջազգային չափորոշիչներով ԴԵՐ2 (Role 2) մակարդակի դաշտային հոսպիտալ է: Այն շարժական արագ տեղափոխվող հոսպիտալային համակարգ է, որը տեղակայվում է վտանգավոր գոտու անմիջական հարևանությամբ, ունի առաջին մասնագիտական բժշկական օժանդակություն տրամադրելու կարողություն:
Շարժական հոսպիտալի խնդիրն է հիվանդ կամ մարտի դաշտից դուրս բերված վիրավոր անձնակազմի վիճակը կայունացնել` անհրաժեշտության դեպքում իրականացնել անհետաձգելի վիրահատական միջամտություն, և ապահովել նրա ապահով էվակուացիան դեպի հոսպիտալներ` հետագա բուժումը անցնելու նպատակով:
Համակարգն ունի վիրահատական և կարճատև հոսպիտալացման հնարավորություններ: Այս ստորաբաժանումը ստեղծվելու էր ԱՄՆ 2007 թվականին տրամադրած ԻՄԵԴՍ դաշտային հոսպիտալի հիման վրա:
Շարժական հոսպիտալի և ՀՀ ՊՆ առաջարկած երկրորդ՝ սակրավորային ստորաբաժանման վերաբերյալ առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 17–23 ապրիլի, 2016 | Ռազմ.info
Pingback: ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարին | Ռազմ.info
Pingback: Պարգևատրվել են բազմազգ զորավարժությանը մասնակցած բուժծառայողները | Ռազմ.info