ՀՀ ԶՈւ զինծառայողները վերապատրաստվել են Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում

Օգոստոսի 14-ին Վրաստանի Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակներում անցկացված չորսշաբաթյա ամառային միջանկյալ դասընթացը: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հայաստանի, Լատվիայի, Ուկրաինայի և Հորդանանի ԶՈւ զինծառայողները Սաչխերեում

Հայաստանի, Լատվիայի, Ուկրաինայի և Հորդանանի ԶՈւ զինծառայողները Սաչխերեում

Վրաստանցի հրահանգիչները չորս շաբաթվա ընթացքում աշխատել են Հայաստանի, Լատվիայի, Ուկրաինայի և Հորդանանի 12 զինծառայողի հետ: Վերջիններս վերապատրաստման առաջին փուլում կրկնել են հիմնական դասընթացի սովորածը, իսկ երկրորդ փուլում սովորել են  տեղաշաժվել սառցե զանգվածների վրայով և լեռներով `դրա ընթացքում հաղթահարելով խոչընդոտները, օգնելով վիրավորներին: Գործնական պարապմունքները զինծառայողներն անցել են Կազբեկ լեռան վրա` ծովի մակերևույթից 4300 մետր բարձրության վրա:

ՀՀ ԶՈւ զինծառայողին հանձնում են դասընթացն ավարտելու վկայականը

ՀՀ ԶՈւ զինծառայողին հանձնում են դասընթացն ավարտելու վկայականը

Ինչպես հայտնում է մամուլի ծառայությունը, դասընթացի շրջանավարտներին շնորհավորել և վկայականներ են հանձնել Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Օմար Բեգոիձեն, ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև ռազմական հարցերով միջնորդ (Military Liaison Officer) Մաքսիմիլյան Էդերը և Վրաստանի ԶՈւ ռազմական կրթության և պատրաստության շտաբի պետ, գնդապետ Ռոին Պաիլոձեն: Միջոցառմանը ներկա է եղել նաև Վրաստանում Ֆրանսիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Օլիվիե Մադիոն (Olivier Madiot):

Տեղեկացնենք, որ դեռևս 2007 թվականից ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները վերապատրաստվում են Վրաստանում։ 2014 թվականին հրապարակվել է Վրաստանի Սաչխերե լեռնային պատրաստության դպրոցում 2007-ից մինչ 2014թ. դասընթացներին մասնակցած զինծառայողների թիվը։ Այդ թվում զգալի մաս են կազմում նաև ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները։

Այսպիսով՝ 2007թ. Հայաստանից վերապատրաստվել է 11, 2011թ.՝ 21, 2012թ.՝ 62, 2013թ.՝ 113, 2014թ. ՝ 26 զինծառայող։ ՀՀ ԶՈւ զինծառայողները մասնակցել են նաև 2015թ. ձմեռային և ամառային վերապատրաստման դասընթացներին։

Հավելենք, որ դպրոցը բացվել է 2006 թվականին՝ Ֆրանսիայի ակտիվ մասնակցությամբ։ 2010 թվականից ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում այն ստացել է լեռնային պատրաստության կենտրոնի կարգավիճակ, ինչն էլ հնարավորություն է տալիս այդ ծրագրին մասնակցող երկրների զինված ուժերի ներկայացուցիչներին վերապատրաստվել այդտեղ։

3 responses to “ՀՀ ԶՈւ զինծառայողները վերապատրաստվել են Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 9-15 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 9-15 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

  3. Pingback: ՀՀ ԶՈւ զինծառայողները վերապատրաստման ևս 1 փուլ են անցել Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *