Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրերով աշխատանքից ազատվել են երկրի գլխավոր ռազմական տեսչության ղեկավար, ազգային հերոս, գեներալ-մայոր Ֆահրեդդին Ջաբրայիլովն ու Ջամշիդ Նախիջևանսկու անվան ռազմական ուսումնարանի պետ, գեներալ-մայոր Միրզա Ալմասովը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, հղում անելով սեփական աղբյուրներին՝ հայտնել է ադրբեջանական Haqqin.az լրատվակայքը։ Ավելի ուշ լրատվակայքը հայտնել է, որ տեղեկությունը հաստատել են նաև ՊՆ-ում։
Նշենք, որ պաշտոններից ազատված գեներալ-մայորների անունները շրջանառվել էր վերջերս աղմուկ հանած կոռուպցիոն սկանդալի շրջանակներում, երբ հուլիսի 28-ին Ադրբեջանի գլխավոր դատախազին կից կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել էին Ադրբեջանի պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական տեսչության երեք բարձրաստիճան սպայի՝ որպես խափանման միջոց կիրառելով 4 ամիս կալանք։
Հիշեցնենք, որ գլխավոր ռազմական տեսչության արդեն նախկին պետ Ֆահրեդդին Ջաբրայիլովը, ով ի պաշտոնե վերահսկում և աուդիտ էր իրականացնում Ադրբեջանի ԶՈւ բոլոր ստորաբաժանումներում, նախկինում Գարադաղի շրջանի զինկոմիսարն էր ու այս պաշտունում նշանակվել էր Զաքիր Հասանովի՝ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 9-15 օգոստոսի, 2015 | Ռազմ.info