Ռազմաշաբաթ. Հայաստան. 9-15 օգոստոսի, 2015

Ձախողվել են Ադրբեջանի ԶՈւ դիվերսիաները • Դիպուկահարի գնդակից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող • «Շանթ-2015» զորավարժությունը ղեկավարելու է ՀՀ նախագահը • ՊԲ-ում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ պահեստազորի սպաների ներգրավմամբ • Հայաստանը չի անցել Տանկային բիաթլոնի եզրափակիչ • ՀՀ ԶՈւ զինծառայողները վերապատրաստվել են Վրաստանում • Նախարար Օհանյանն այցելել է Տավուշի, Լոռու զորամասեր • Ամփոփվել են 3-րդ բանակային կորպուսի գործունեությունը • Բարեկարգվում է Մուսալեռան հերոսամարտի հուշարձանը • Հայաստանի ՌԴ ռազմաբազան ՌԷՊ վարժանքներ է սկսել

ՊԲ զորամասի գործող և պահեստազորային սպաները՝ զորահավաքային հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ

ՊԲ զորամասի գործող և պահեստազորային սպաները՝ զորահավաքային հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ

• Օգոստոսի լույս 12-ի գիշերը հակառակորդը ձեռնարկել է նաև դիվերսիոն հարձակման 2 փորձ, որոնք ձախողվել են։ ՀՀ ՊՆ-ն զսպվածության կոչ է արել։

• Օգոստոսի 12-ին հակառակորդի դիպուկահարի գնդակից ՊԲ արևելյան զորամասերից մեկի մարտական հենակետում զոհվել է զինծառայող Կարեն Հովհաննիսյանը։ Բակո Սահակյանի հրամանագրով՝ զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

• ՀՀ նախագահի հրամանագրով «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն անցկացվելու է սեպտեմբերի 3-6-ը: Զորավարժությունը ղեկավարելու է ՀՀ նախագահը:

• Օգոստոսի 3-ից 8-ը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում անցկացվել է զորահավաքային հրամանատարաշտաբային զորավարժություն, որի հիմնական մասնակիցները զորամասին կցված պահեստազորի սպաներն են եղել:

• Տանկային բիաթլոնի կիսաեզրափակչում հայկական անձնակազմերը օգոստոսի 13-ին զբաղեցրել են 8-րդ տեղը, քանի որ խախտել են անվտանգության կանոնները: Հայաստանը չի անցել եզրափակիչ։ Հայկական անձնակազմերը Հնդկաստանի, Ղազախստանի և Սերբիայի տանկիստների հետ մրցել են նույն քառյակում։

• Օգոստոսի 14-ին Վրաստանի Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է չորսշաբաթյա ամառային միջանկյալ դասընթացը, որին մասնակցել են նաև ՀՀ ԶՈւ զինծառայողներ:

ՀՀ ԶՈւ զինծառայողին հանձնում են դասընթացն ավարտելու վկայականը

ՀՀ ԶՈւ զինծառայողին հանձնում են դասընթացն ավարտելու վկայականը

• ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկու անգամ այցելել է 3-րդ բանակային կորպուսի զորամասեր։ Օգոստոսի 7-8-ին նախարար Օհանյանը եղել է Տավուշի զորամասերում, դիրքերում, հանդիպել է նաև Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Օգոստոսի 12-ին էլ Սեյրան Օհանյանն այցելել է Լոռու զորամասեր։

• Օգոստոսի 14-ին ՀՀ ՊՆ-ում անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է բանակային 3-րդ զորամիավորման գործունեության արդյունքների կատարողականը։ Միավորման հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանն ընդգծել է, որ ենթակա զորամասերն ունակ են կատարելու առաջադրված խնդիրները:

• Մուսալեռան հաղթական հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ հերոսամարտի հուշարձանի տարածքում սկսվել են շինբարեկարգման աշխատանքներ, որոնց ընթացքին օգոստոսի 11-ին հետևել է նախարար Սեյրան Օհանյանը։

• Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները դաշտային ելք և ռադիոէլեկտրոնային պայքարի վարժանքներ են սկսել Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում:

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *