ՀՀ ՊՆ-ում ամփոփվել են 3-րդ բանակային կորպուսի գործունեության արդյունքները

Օգոստոսի 14-ին ՀՀ ՊՆ-ում անցկացվել է խորհրդակցություն` նվիրված բանակային 3-րդ զորամիավորման գործունեության արդյունքների կատարողականին, ինչպես նաև ամառային ուսումնական փուլում նախատեսված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին և պատշաճ անցկացման հարցերին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՊՆ խորհրդակցության ընթացքում քննարկվել է 3-րդ բանակային կորպուսի գործունեությունը

ՊՆ խորհրդակցության ընթացքում քննարկվել է 3-րդ բանակային կորպուսի գործունեությունը

Ներկայացնելով 2015թ. հունվար-հուլիս ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքները՝ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում բարձր մակարդակով անց են կացվել զինանձակազմի մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, ուսումնական տարվա պատրաստության պլաններով նախատեսված միջոցառումները:

Գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների, մարտավարաշարային և հրահանգչամեթոդական պարապմունքների, հրամանատարաշտաբային զորավարժությունների ու շտաբային մարզումների արդյունքների վրա:

Նշվել է, որ առանձնակի ուշադրություն է դարձվել մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման, մարտական հենակետերի ու միջդիրքային ճանապարհների բարեկարգմանն ուղղված աշխատանքների վրա: Մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինատեսակների կրակի, դիտարկման համակարգերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անցկացվել են ցուցադրական պարապմունքներ:

Իրականացվել են հենակետերի լրակահավորմանն ուղղված լայնածավալ աշխատանքներ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումը կանխելու նպատակով, թարմացվել է ենթակա զորամասերի ուսումնանյութական բազան, լայն թափ են ստացել զինվորական կարգապահության և բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանն ուղղված միջոցառումները:

3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը (կենտրոնում) զեկուցում է կորպուսի գործունեության արդյունքների մասին

3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը (կենտրոնում) զեկուցում է կորպուսի գործունեության արդյունքների մասին

Զորամիավորման հրամանատարն արձանագրել է, որ հրամկազմի և կայազորային ռազմական ոստիկանության աշխատակիցների համատեղ ջանքերի արդյունքում հաշվետու ժամանակահատվածում 25 տոկոսով նվազել է կարգազանցության հակում ունեցող զինծառայողների թիվը: Նվազել են նաև արտակարգ դեպքերն ու պատահարները:

Ամփոփելով զեկույցը՝ գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանն ընդգծել է, որ բանակային զորամիավորման ենթակա զորամասերն ունակ են բերվելու մարտական պատրաստականության բարձր աստիճանների և կատարելու առաջադրված խնդիրները:

Հարց ու պատասխանի միջոցով քննարկվել են նաև ընթացիկ խնդիրներն ու առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային հիմնական ուղղությունները:

Զինված ուժերում ամառային ուսումնական փուլի մեկնարկին ընդառաջ` խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել դրա շրջանակում անցկացվելիք միջոցառումների նախապատրաստական ընթացքին, դրանց պատճաշ կազմակերպման հարցերին, որոնց վերաբերյալ տեսակապի միջոցով հակիրճ զեկույցներ են ներկայացրել բանակային զորամիավորումների հրամանատարները: Ըստ այդմ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տվել է որոշակի ցուցումներ և հանձնարարականներ:

Ավելացնենք, որ օգոստոսին նախարար Օհանյանը երկու անգամ այցելել է 3-րդ բանակային կորպուսի զորամասերը Տավուշում և Լոռիում:

Նախարար Օհանյանի այցը 3ԲԿ սահմանապահ զորամասերից մեկը

Նախարար Օհանյանի այցը 3ԲԿ սահմանապահ զորամասերից մեկը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը Լոռու զորամասերից մեկը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը Լոռու զորամասերից մեկը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *