Տանկային բիաթլոնի կիսաեզրափակիչ փուլ անցած Հայաստանի տանկիստները օգոստոսի 13-ին էստաֆետային մրցույթում մրցելու են Հնդկաստանի, Ղազախստանի և Սերբիայի տանկիստների հետ: Մրցաշարային երկրորդ խմբում մրցելու են Ռուսաստանի, Չինաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի տանկիստները:
Էստաֆետին (փոխանցումավազք) մրցելու են յուրաքանչյուր երկրի 3-ական անձնակազմերը՝ մի անձնակազմի շրջանից հետո մրցման մեջ է մտնելու հաջորդ անձնակազմը, հետո՝ երրորդը:
Մրցելույթների արդյունքում եզրափակիչ դուրս են գալու լավագույն արդյունքներ գրանցած 4 երկրները՝ անկախ նրանից, թե որ խմբում են մասնակցել մրցույթին և թե խմբից քանի երկիր է դուրս գալիս եզրափակիչ: Այս մասին լրագրողներին հայտնել է Տանկային բիաթլոնի գլխավոր մրցավար, գեներալ-մայոր Եվգենի Պոպլավսկին, փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:
Մրցման ժամանակ հայկական զինված ուժերի լավագույն տանկիստները մրցելու են դեղին տանկերով, ինչը որոշվել է մրցույթի վիճակահանության արդյունքով: Լավագույն արդյունքները գրանցած 4 երկրների պայքարը կշարունակվի օգոստոսի 15-ին՝ եզրափակչում, որտեղ էլ կպարզվի հաղթող երկիրը:
Հիշեցնենք, որ Տանկային բիաթլոնի առաջին՝ անհատական փուլի արդյունքներով Հայաստանը կիսաեզրափակիչ փուլ է դուրս եկել 5-րդ տեղով:
Հիշեցնենք նաև, որ նախորդ տարի՝ Տանկային բիաթլոն 2014-ի ժամանակ, Հայաստան կրկին դեղին տանկով գրավել է երկրորդ տեղը:
Տանկային բիաթլոնի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Այն ամենը, ինչ պետք է իմանալ տանկային բիաթլոնի մասին» հոդվածում:
Pingback: «Բանակային միջազգային խաղերը» մյուս տարի կփոխեն իրենց աշխարհագրությունը | Ռազմ.info