Օգոստոսի 11-ին Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ, գեներալ-մայոր (երկաստղանի գեներալ, թուրքերեն՝ tümgeneral) Հասան Նևզաթ Թաշդելերը հրաժեշտի այցով եղել է Ադրբեջանի ՊՆ-ում, որտեղ նրան ընդունել է պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպման ընթացքում բարձրաստիճան զնվորականները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությանը և ռազմական կրթության խնդիրներին առնչվող հարցեր։ Հանդիպման օրակարգից դուրս չի մնացել նաև Արցախյան հիմնախնդրի քննարկումը։
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շնորհավորել է Թաշդելերին զինվորական կոչման բարձրացման կապակցությամբ և իր հերթին շնորհել նրան գերատեսչական հուշամեդալ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան մամուլի ծառայույունը հայտնել էր՝ ռազմական կցորդ Հասան Նևզաթ Թաշդելերը ստանալով գեներալ-մայորի զինվորական կոչում՝ նշանակվել է Թուրքիայի ռազմական ակադեմիաների հրամանատարության շտաբի պետ։ Նա իր հետագա ծառայությունը շարունակելու է Ստամբուլում։
Նշենք նաև, որ ռազմական կցորդի պաշտոնում Թաշդելերին փոխարինելու է բրիգադի գեներալ Իհսան Բաշբոզքուրթը, ով ներկայումս Ուրֆայում տեղակայված բրգիադներից մեկի հրամանատարն է։ Հայտնի է նաև, որ նա ծնունդով Կարսից է և տիրապետում է ադրբեջաներենին։ Ակնկալվում է, որ նորանշանակ կցորդն իր պարտականությունների կատարմանը կանցնի առաջիկա շաբաթներին։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 9-15 օգոստոսի, 2015 | Ռազմ.info