Տանկային բիաթլոն 2015 մրցույթի առաջին՝ անհատական, փուլում հաղթող են ճանաչվել Ռուսաստանի երկրորդ տանկային անձնակազմի տանկիստները, որոնք 13 երկրների 3-ական անձնակազմերի մեջ կարողացել են ապահովել ամենաբարձր արդյունքը՝ մրցման շրջանն անցնելով 26 րոպե 32 վայրկյանում:

Տանկային բիաթլոն 2015 մրցույթի առաջին փուլի հաղթողները՝ Ղազախստանի, Ռուսաստանի և Չինաստանի տանկիստները
Ռուսաստանցի տանկիստներին հաջորդում են Ղազախստանի առաջին և Չինաստանի երրորդ տանկային անձնակազմերը, որոնք ցուցաբերել են համապատասխանաբար 27 րոպե 19 վայրկյան և 27 րոպե 39 վայրկյան արդյունքներ՝ զբաղեցնելով երկրորդ և երրորդ տեղերը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:
Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ անձնակազմերը զբաղեցրել են համապատասխանաբար 12-րդ, 8-րդ և 17-րդ տեղերը:
Այսօր՝ օգոստոսի 6-ին, մրցանակային տեղեր զբաղեցրած տանկիստներին մեդալները շնորհել է ՌԴ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովը: Իր խոսքում գեներալը նշել է, որ լավ արդյունքներ են ցույց տվել նաև Սերբիայի, Ղազախստանի, Հնդկաստանի և Հայաստանի տանկային անձնակազմերը:
Ավելացնենք, որ Տանկային բիաթլոնի առաջին փուլի՝ անհատական մրցույթի ավարտից հետո՝ օգոստոսի 13-ին, ուժեղագույն 8 երկրների միջև կանցկացվեն էստաֆետային (փոխանցումավազք) մրցումները, որոնց ներգրավված կլինեն երկրների 3-ական թիմեր: Մրցույթի արդյունքում կընտրվեն եզրափակիչ անցած 4 երկրները, իսկ եզրափակիչն էլ կանցկացվի օգոստոսի 15-ին:
Ավելացնենք, որ Տանկային բիաթլոնն այս տարի ընդգրկված է առաջին անգամ անցկացվող «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի մեջ: Բիաթլոնին մասնակցում է 13 երկիր, որոնց թվում և Հայաստանը:
Տանկային բիաթլոնի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Այն ամենը, ինչ պետք է իմանալ տանկային բիաթլոնի մասին» հոդվածում:
Pingback: [Լրացված] Տանկային բիաթլոն. Երրորդ թիմերի պայքարում Հայաստանի թիմը 6-րդ տեղում է | Ռազմ.info
Pingback: Տանկային բիաթլոն. Հայաստանն առաջին փուլն ավարտել է 5-րդ տեղով | Ռազմ.info