ՌԴ-ում միջազգային բանակային խաղերի շրջանակներում անցկացվող «Կասպյան գավաթ» միջազգային մրցույթին Ադրբեջանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները չեն կարողացել դուրս գալ ելույթի, քանի որ ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ նավի և դրա սպառազինության հետ։ Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան», այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, հայտնել է անցկացվող մրցույթի գլխավոր դատավոր, գեներալ-մայոր Դմիտրի Գորբատենկոն։
Նա նշել է, որ օգոստոսի 5-ին Կասպից ծովի ավազանում անցկացվող մրցույթում նախատեսվում էին Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմածովայինների ելույթները, սակայն արդյունքում ելույթ է ունեցել միայն ռուսաստանյան անձնակազմը։
Գեներալ-մայոր Գորբատենկոն նշել է, որ ադրբեջանցի մասնակիցների ձախողման պատճառը եղել են տեխնիկայի և սպառազինության հետ ի հայտ եկած խնդիրները։ Նա հավելել է, որ ռազմանավի փոխարինումից հետո Ադրբեջանի թիմը հանդես կգա օգոստոսի 7-ին։
Նշենք, որ Ադրբեջանը «Կասպյան գավաթին» մասնակցում է սեփական ռազմածովային ուժերի «G-122» և «G-124» պարեկապահակային նավերով։
Նշենք նաև, որ այս տեղեկությանն արդեն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ն՝ փաստացի սուտ որակելով գեներալ-մայոր Գորբատենկոյի հայտարարությունը և նշելով, որ «ի հայտ եկած տեխնիկական փոքրիկ խնդիրները լուծվել են տեղում և ադրբեջանական անձնակազմը ելույթ է ունեցել՝ խոցելով բոլոր ծովային ու օդային թիրախները և ցույց տալով փայլուն արդյունք»։
Տեղին է նշել նաև, որ Ադրբեջանը դեռևս այս տարվա սկզբից ակտիվորեն պատրաստվում էր, որպեսզի մասնակցի օգոստոսին մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում անցկացվող «Տանկային բիաթլոն 2015» միջազգային մրցույթին, սակայն, շատերի համար անսպասելիորեն, Ադրբեջանը տանկային մրցույթին մասնակցության հայտ չներկայացրեց։
Օգոստոսի 4-ին այս կապակցությամբ որոշ բացատրություններ տվեց Ադրբեջանի ՊՆ մարտական պատրաստության վարչության ավագ սպա, գնդապետ Սաքիթ Վերդիևը, ով «Տանկային բիաթլոնին» ներկա էր որպես դիտորդ։ Նա նշեց, որ Ադրբեջանը ևս պարտաստվում էր մասնակցել տանկային երկամարտին, սակայն Ադրբեջանի բանակի տանկիստներին «չի հերիքել ժամանակը» մրցույթին պատշաճ կերպով ներկայանալու համար, ինչի պատճառով էլ որոշում է կայացվել չմասնակցել մրցույթին այս տարի։
Pingback: «Կասպյան գավաթում» կրած ձախողումից հետո Ադրբեջանը հայտնում է «հայկական 2 ԱԹՍ-ի խոցման» մասին | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանը շարունակում է անհաջող ելույթը «Կասպյան գավաթ» միջազգային մրցույթում | Ռազմ.info
Pingback: «Կասպյան գավաթ-2015» մրցույթում Ռուսաստանն առաջին տեղում է, Ադրբեջանը՝ վերջին | Ռազմ.info