Ռուսաստանի նախագահի հրամանագրով օգոստոսի 1-ին ՌԴ զինված ուժերի կազմում ստեղծվել է առանձին զորատեսակ՝ օդատիեզերական ուժեր, որի նպատակն է կենտրոնացնել և միավորել երկրի օդային և տիեզերական պաշտպանության ուժերը: Այս մասին, ըստ ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության, ՌԴ պաշտպանության նախարարությունում խորհրդակցության ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շույգուն:
Տեղեկությունը հաստատել է նաև ՌԴ ՊՆ կայքը՝ նշելով, որ զորքերն արդեն անցել են մարտական հերթապահության:
Պաշտոնյայի խոսքով՝ զորքերի կազմավորումը կատարվել է երկրի ԶՈւ ռազմաօդային ուժերի և օդատիեզերական պաշտպանության ուժերի միավորմամբ, և դա երկրի օդատիեզերական պաշտպանության խնդիրների լուծման ամենաարդյունավետ եղանակն է:
Սրանով Ռուսաստանի զինված ուժերի կազմում, բացի վերը նշված զորքերից, միավորվել են նաև հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության ուժերը, ինչը, ըստ ՌԴ պաշտպանության նախարարի, թույլ կտա միացյալ մոտեցում ցուցաբերել օդատիեզերական պաշտպանության համակարգի ռազմատեխնիկական զարգացման և այլ հարցերում:
Նշենք, սակայն, որ սա առաջին դեպքը չէ, երբ հայտարարվում է նման զորատեսակի ստեղծման մասին: Նախկինում ևս Ռուսաստանի զինված ուժերում նման զորատեսակ ստեղծելու մասին իրարամերժ լուրեր են հայտնվել, մասնավորապես 2014 մայիսին և հուլիսին: