Ռուսաստանում նորից տարածվում են օդատիեզերական ուժերի ստեղծման մասին տեղեկություններ

Ռուսաստանի զինված ուժերի կազմում օդատիեզերական ուժերը, որոնց մասին պարբերական խոսակցություններ են լինում Ռուսաստանում, կստեղծվեն 2016-ի հունվարի 1-ին: Այս մասին, ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտնել է ՌԴ ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարևը:

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերի ստեղծման մասին հակասական լուրեր մինչ այս հայտնվել էին 2014-ի մայիսին: Այն ժամանակ ռուսաստանյան մեկ այլ՝ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով ՌԴ ՊՆ անանուն աղբյուրի, հայտնել էր, որ Ռուսաստանի զինված ուժերում մտադիր են միացնել ռազմաօդային ուժերն ու ռազմատիեզերական պաշտպանության զորքերը և արդյունքում ստանալ զինված ուժերի նոր տեսակ՝ օդատիեզերական ուժեր:

ՌԴ ԶՈւ Իսկանդեր-Մ ՕՄՀՀ-ները հրթիռների համաժամանակյա արձակման ժամանակ

ՌԴ ԶՈւ Իսկանդեր-Մ ՕՄՀՀ-ները հրթիռների համաժամանակյա արձակման ժամանակ

Դրան ի պատասխան՝ նույն «ՌԻԱ Նովոստին» հրապարակել էր հերքում, ըստ որի՝ գործակալության աղբյուրը հայտնել էր, որ ռազմաօդային ուժերի ու ռազմատիեզերական պաշտպանության զորքերի միացումը անհնարին է, իսկ նման կազմավորում ստեղծելու մասին տեղեկատվությունը՝ անհեթեթություն:

Սակայն երկու գործակալություններն էլ հղում էին արել միայն անանուն աղբյուրների, իսկ ՌԴ զինված ուժերից պաշտոնական պարզաբանում չկար:

Նոր կազմավորումն, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Ռուսաստանում պաշտոնապես նախատեսում էին ներկայացնել 2014-ի դեկտեմբերին: Զինված ուժերի նոր զորատեսակի կազմավորման մտադրությունը քննարկման փուլում էր, ուսումնասիրվում էին հնարավոր մոտեցումներն ու տարբերակները:

Մինչ դեկտեմբեր Ռուսաստանի զինված ուժերում մտադիր էին վերջնականապես ձևակերպել նոր զորատեսակի կառուցվածքը: Նախատեսված էր, որ օդատիեզերական ուժերի մեջ մտնելուց հետո ինչպես ռազմաօդային ուժերն, այնպես էլ ռազմատիեզերական պաշտպանության ուժերը պահպանելու են իրենց ներքին կառուցվածքները: Նոր զորքերի մեջ կմտնեն նաև հրթիռային ու հրետանային ստորաբաժանումներ, որոնք զինված կլինեն մասնավորապես Իսկանդեր-Մ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով:

Նախատեսվում է, որ նոր կազմավորվող զորատեսակի հրամանատարը կունենա 4 տեղակալներ՝ ռազմատիեզերական պաշտպանության, ռազմաօդային, հակահրթիռային պաշտպանության ու ՀՕՊ զորքերի գծով: Հավանական է համարվում, որ նոր զորատեսակի հրամանատարի պաշտոնում կնշանակվի գեներալ-գնդապետ Վլադիմիր Զարուդնիցկին, ով ներկայում ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետն է:

One response to “Ռուսաստանում նորից տարածվում են օդատիեզերական ուժերի ստեղծման մասին տեղեկություններ

  1. Pingback: ՌԴ ԶՈւ կազմում ստեղծվել են օդատիեզերական զորքեր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *