Օգոստոսի 1-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատիժների կիրառման և պրոբացիայի հարցերով նախարար Գեորգի Մղեբրիշվիլին նշանակել է ներքին գործերի նոր նախարարի պաշտոնում։ ՆԳ նախարարի պաշտոնը թափուր էր մնացել, երբ նախկին նախարար Վախթանգ Գոմելաուրին նշանակվեց նոր ստեղծված պետական անվտանգության ծառայության պետի պաշտոնում։
«Գեորգի Մղեբրիշվիլին որպես պատիժների կիրառման և պրոբացիայի հարցերով նախարար կարևոր բարեփոխումներ է արել, և ես հավատացած եմ, որ արդյունավետ կաշխատի նաև ՆԳՆ-ում»,— հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Գեորգի Մղեբրիշվիլին նախկին պաշտոնում էր 2014. հուլիսից, իսկ մինչ այդ՝ 2013թ. դեկտեմբերից եղել էր Քվեմո Քարթլիի շրջանի ղեկավարը։ Մղեբրիշվիլին 1998-2004թթ. եղել է ՆԳՆ-ում քննիչ, դրանից հետո 2007թ. որպես քննիչ աշխատել է ֆինանսական ոստիկանությունում։ 2007-2012թթ. տարբեր հաստիքներով աշխատել է ֆինանսների նախարարությունում, իսկ մինչև 2013թ. նոյեմբերը զբաղեցրել է ՆԳՆ-ի պետական անվտանգության գործակալության ղեկավարի պաշտոնը։
Նշենք, որ Վրաստանի պատիժների կիրառման և պրոբացիայի հարցերով նախարարի պաշտոնում էլ նշանակվել է իրավաբան, նույն գերատեսչության փոխնախարար Կախի Կախիշվիլին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Վրաստանում ՆԳՆ-ից առանձին գործելու է պետական անվտանգության ծառայություն, որն այժմ ղեկավարում է ներքին գործերի արդեն նախկին նախարար Վախթանգ Գոմելաուրին։ Նոր ծառայությունը, ըստ վրաստանյան կողմի տվյալների, հատուկ նշանակություն է ունենալու և ենթարկվելու է կառավարությանը։